«Հո իրենք իրենց մասին հաղորդում չեն տալու». Մամիջանյանը` 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու մասին

Մեղսակիցները չեն կարող քննել պատերազմում տեղի ունեցած հանցագործությունները: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

 

«Երկրորդ, ներգրավել պարտության խոսնակ, հազար տեր փոխած, իր իսկ ասածները բազմիցս հերքած, սուտ տարածելու մեջ լավագույնը Արծրուն Հովհաննիսյանին այդ գործընթացին ներգրավելը ցինիզմի գագաթնակետն է: Ոնց որ Չիկատիլոյին ներգրավես կանանց նկատմամբ բռնությունները կանխարգելող հանձնաժողովի կազմում:

Ամեն ինչ գնում է  նրան, որ այդ հանձնաժողովի նպտակը լինելու է գտնել ու նշանակել մեղավորներ, ամենայնհավանականությամբ բանակի շրջանում: Այստեղ տրամաբանությունը զրոյական է, որովհետեւ քննիչ հանձնաժողովն առաջին հերթին ընդդիմության գործիք է, քանի որ ընդդիմությունը չունի ուժայիններ, քննչական մարմիններ: Իշխանությունը դա ունի, եթե առկա են հազարից ավելի քրեական գործեր, ինչի՞ համար պետք է իշխանությունը եւս մեկ ինստիտուտ հիմնի: Դա ինձ համար անհասկանալի է: Սրանով իշխանությունը փորձելու է իր վրայից գցել մեղքը, որը չի հաջողվելու»,-հայտարարեց Մամիջանյանը:

 

Նա համոզմունք հայտնեց, որ այս քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմում տեղի ունեցած սխալների ու հանցագործությունների հետ կապված որեւէ արժանահավատ ինֆորմացիա դժվար թե կարողանա տրամադրել, որովհետեւ հո իրենք իրենց մասին հաղորդում չեն տալու:

Ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ այս պահին քննարկվում է քննիչ հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու հնարավորությունը, սակայն նաեւ հավելեց, որ այդ հանձնաժողովի ձեռքի տակով անցնելու են տեղեկություններ, որոնք շատ արժեքավոր են լինելու:

Քաղաքականություն