Երևանն ու Բաքուն հավատարիմ են նոյեմբերի 9-ի պայմանագրի դրույթներին. ՌԴ ԱԳՆ հայտարարությունը

ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածության մեկ տարվա կապակցությամբ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել հայտարարությամբ, որում ասված է.

«2021 թ. նոյեմբերի 9-ին լրանում է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների՝ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի կողմից ԼՂ հակամարտության գոտում կրակի ու բոլոր մարտական գործողությունների ավարտի մասին հայտարարության ընդունման մեկ տարին: Տվյալ քայլը թույլ տվեց դադարեցնել արյունահեղությունը և սկսել տարածաշրջանում խաղաղ կյանքի սկիզբ դնելու գործընթացը:

Այսօր մենք կարող ենք փաստել, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ տեղ գտած պայմանավորվածություններն ընդհանուր առմամբ կատարվում են: Միաժամանակ, կարևոր է, որ Երևանն ու Բաքուն շարունակում են հավատարիմ մնալ հայտարարության բոլոր դրույթների հետագա իրականացմանն ու անշեղորեն կատարմանը: 

2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելությունը զգալի ներդրում է ունենում տարածաշրջանում անվտանգության ապահովման և իրավիճակի կայունացման հարցում: Դա գնահատում են մեր հայ և ադրբեջանցի բարեկամները: 

Ռուս խաղաղապահների մասնակցությամբ 2020 թ. դեկտեմբերի 2-ից ընդհանուր առմամբ վերադարձվել է 122 ռազմագերի և պահվող անձ, նրանցից Հայաստան են վերադարձվել 105, Ադրբեջան` 17 անձ: Ադրբեջանական կողմին է վերադարձվել ականապատ տարածքների քարտեզների երեք փաթեթ: 

Ռուսական խաղաղապահ առաքելությունն ակտիվորեն մասնակցում է խաղաղ կյանքի հարթմանը: Տարածաշրջան պարբերաբար հասցվում է հումանիտար օգնություն, ականազերծվում են տարածքներ, վերականգնվում են կյանքի համար կարևոր ենթակառուցվածքներ: Իրենց տներն են վերադարձել շուրջ 53 000 փախստականներ:

ՌԴ ԱԻՆ-ը 2020 թ. դեկտեմբերից ս.թ. հունիսն ընկած ժամանակահատվածում տարածաշրջան է հասցրել 1 581 տոննա հումանիտար բեռներ (էլեկտրակայաններ, ինժեներական ու հրշեջ տեխնիկա, առաջին անհրաժեշտության ապրանքներ), ինչպես նաև 800 տոննա շինանյութ: Կատարվել են հումանիտար ականազերծման աշխատանքներ»,- նշված է հայտարարության մեջ:

Քաղաքականություն