
Ենթադրում ենք, որ շփման գծի հետ կապված իշխանությունը թաքցնելու բան ունի. Մամիջանյան

Կապիտուլյանտն ուզում է նշանակել մեղավորներ և բոլոր այն մարդիկ, որոնք այս ընթացքում ասում էին, որ կապիտուլյանտի դեմ չխոսենք, մեզ լավ աչքով նայի, շուտով կապացուցվի, որ սխալվում էին։ Այս մասին Ազատության հրապարկում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում բանակի վերաբերյալ հնչեցրած հայտարարություններին։
Հայկ Մամիջանյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ոչ թե հարցազրույց էր տալիս, այլ ստերի կծիկ էր ներկայացնում։ «Կապիտուլյացիայի ընթացքում դավաճանական գործողությունների վերաբերյալ քաղաքացիներին, ներկա,նախկին պաշտոնյաներին կոչ եմ անում հույս չփայփայեն՝ Նիկոլի հետ պայմանավորվածություններ ունեն, Նիկոլը պայմանավորվածություն հասկացություն չունի ու րոպե առաջ իրենց ծախելու է, այնպես որ ավելի լավ է ճշմարտությունը բարձրաձայնեն»,-ասաց պատգմավորը։
Հայկ Մամիջանյանի խոսքով՝ այս իշխանությունն ինչ եկել է, զբաղված է բանակը քանդելու գործով, որևէ շոշափելի, դրական ռեֆորմ չկա։ Պատգամավորն ասաց, որ շփման գծի հետ կապված ընդդմիադիր պատգամավորները ենթադրում են, որ իշխանությունները թաքցնելու բան ունեն, այդ իսկ պատճառով իր պատգամավոր գործընկերոջը Տիգրան Աբրահամյանին սահաման շրջայց կատարել թույլ չեն տալիս, այնինչ իշխանական պատգամավորները շփման գիծ այցելում են։
Ինչ վերաբերում է 44–օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելուն, ապա պատգամավորն ասաց, որ մեղսակիցները հանցագործությունը չեն կարող քննել։
«Ի՞նչ իմաստ ունի իշխանության համար ստեղծել հանձնաժողով ամբողջ պետական ապարատը իրենց ձեռքին է՝ քննչականները, ուժայիները։ Քննիչ հանձնաժողովը, ամեն դեպքում, ընդդիմության գործիք է։ Հերիք չէ իրենք են նախաձեռնողները, որ նաև այդ խողովակով մեղավորներ նշանակեն, հիմա էլ փորձում են ներգրավել իրենց հաճախորդ արտախորհրդարանական ուժերին»,-ասաց նա։Հայկ Մամիջանյանն անդրադարձավ նաև հարցադրմանը, թե արդյոք ուշացած չէ հանրային դիմադրության սկիզբ հայտարարելը և հանրահավաքներ իրականացնելը։
«Այնպես չէ, որ ընդդիմությունը մեկ տարի ոչինչ չի արել, հիմա մեկ տարի անց է սկսել, սա հերթական փուլի մեկնարկն է։Այն քաղաքացիները, որոնք ունեն արժանապատվություն, հայրենասեր են, չեն համաձայնում Հայաստանի կզած ապագայի հետ, իրենց համար ժամկետներ գոյություն չունեն, ուժերի ներածին չափով ամեն ինչ անում են փողոցային պայքարից մինչև բովանդակային քննադատություն»,-ասաց նա։