Գրիգորյանը կարծում է, որ Թաթոյանը անաչառ չէ, քանի որ Սարի թաղի դեպքերի ժամանակ մեղադրել է ցուցարարներին
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կարծում է, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը անաչառ չէ, քանի որ 2016-ին Սարի թաղի դեպքերի ժամանակ մեղադրել է ցուցարարներին։
«Ես որևիցե լարվածություն իմ և տվյալ անձի միջև չեմ տեսնում։ Ես ընդամենը հայտարարել եմ, որ նա քաղաքական գործունեությամբ է զբաղվում և շարունակում եմ պնդել դա։ Ի դեպ, քաղաքական գործունեություն ասելով, ես նկատի ունեմ իր անաչառ չլինելը, որովհետև կա պատմություն, նա նշանակվել է 2016-ին, եթե չեմ սխալվում, և Սարի թաղի դեպքերի ժամանակ իշխանության գործադրած ուժի մեջ մեղադրում էր ցուցարարներին, եթե հիշում եք, մեղադրում էր քաղաքացիներին, որ մութ փողոցներով էին քայլում», - Factor-ին տված հարցազրույցում ասել է Գրիգորյանը։
Նրա խոսքով, ՄԻՊ գործառույթն է քաղաքացուն պետությունից պաշտպանելը, մանավանդ, ավտորիտար ռեժիմից։
«Հիմա թիրախ է իշխանությունը։ Մարդու իրավունքների պաշտպանության հարցում որևէ խնդիր չեմ տեսնում, միակ խնդիրը, որ տեսնում եմ, որ քաղաքական հայտարարություններով է զբաղվում՝ իր լիազորությունների հետ որևէ առնչություն չունեցող», - նշեց ԱԽ քարտուղարը։
Հարցին՝ արդյոք այդ դիմակայությունը չի վնասում ՄԻՊ կատարած աշխատանքին, միջազգային կառույցներում նրա ներկայացրած փաստերին Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների, ռազմական հանցագործությունների մասին՝ Գրիգորյանը պատասխանեց, որ երբ նա քաղաքականությամբ է զբաղվում՝ այդ ժամանակ է նա վնաս հասցնում այդպիսի զեկույցներին։
«Որևէ մեկը հարցականի տակ չի դնում նրա կատարած այդպիսի աշխատանքները։ Միակ խնդիրը՝ քաղաքական գործունեությամբ զբաղվելն է, երբեմն, քաղաքացիներին մեղադրելը, ըստ ժամանակի, 2016-ին մեղադրում էր, 2018-ից հետո այլ դիրքորոշումներ ունենալը, խնդիրը միայն այդտեղ է», - ասաց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ավելի վաղ հայտարարել էր, որ Արմեն Գրիգորյանը գերազանցել է իր լիազորությունները։
«Ընդհանրապես ով է նրան իրավունք տվել Մարդու իրավունքների պաշտպանի փոփոխության հարց քննարկել։ Դա բացահայտ ոտնձգություն է ՀՀ ՄԻՊ անկախ հաստատության նկատմամբ, այն էլ՝ գործադիր իշխանության համակարգի բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից։ Քանի որ Հայաստանում կա մարմին, որը հանրային ծառայողի վարքագծի կանոնների խախտումների համար հարուցում է վարույթներ, պատասխանատվության ենթարկելու հարց է լուծում և դա կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է, ես պաշտոնապես դիմել եմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Այդ մարդն իր հայտարարությունների համար պետք է ենթարկվի պատասխանատվության, որպեսզի ապահովվի Հայաստանի ՄԻՊ անխափան, անկաշկանդ, անկախ աշխատանքը նաև հետագայում», - ասաց Արման Թաթոյանը։
Հիշեցնենք՝ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը rusarm.info-ի հետ հարցազրույցում քննադատել էր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ նշելով, որ «երբևէ չի տեսել նրանից անաչառ հայտարարություն»։
«Մարդու իրավունքների պաշտպանը քաղաքական հայտարարություններ է անում, որոնք հետո հերքվում են պաշտպանության կամ այլ նախարարություններից։ Նա ակնհայտորեն ընդդիմադիր դաշտում հայտ է ներկայացրել և դիվիդենտներ է վաստակում», - ասել էր Գրիգորյանը։






























