Աղետալի երաշտը շատ մոտ է. գիտնականն ահազանգում է

Երկիր մոլորակի գլոբալ տաքացումը լուրջ վնաս է հասցնում ջրի շրջապտույտին և առաջիկա տարիներին կարող է սարսափելի երաշտ առաջացնել: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել գիտնական Փիթեր Գլեյքը։

 

Նա նշել է, որ ջերմաստիճանի բարձրացումը ավելացնում է ջրային ռեսուրսների սպառումը։

«Մեր պահեստարանների հեղուկն ավելի արագ է գոլորշիանում։ Գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման համար ավելի ու ավելի շատ է ջրի կարիք առաջանում»,– ասել է մասնագետը։

 

Գլեյքը դժգոհել է, որ քաղաքական գործիչներն անտեսում էին գիտնականներին, որոնք վաղուց էին զգուշացնում առաջիկա աղետների մասին։ Նրա խոսքով` եթե իշխանություններն ավելի շուտ արձագանքին, կարելի էր գոնե մեղմել գլոբալ տաքացման հետևանքները։

 

Մասնագետները բազմաթիվ անգամ են խոսել ջերմաստիճանի բարձրացումը Ցելսիուսի 1,5-2 աստիճանի սահմաններում սահմանափակելու անհրաժեշտության մասին։ Այդ նպատակին հասնելու համար ավելի քան 190 երկրներ 2015 թվականի դեկտեմբերին ստորագրել են կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագիրը, որը գլոբալ տաքացումը մեղմելուն ուղղված գործողություններ է պարունակում։ Փաստաթուղթը չի ենթադրում հանածո վառելիքից լիակատար հրաժարում, սակայն պետությունները պետք է միջոցներ ձեռնարկեն կլիմայի փոփոխություններին հարմարվելու, արտանետումները կրճատելու ու էներգիայի վերականգնվող աղբյուրների անցնելու ուղղությամբ:

Քաղաքականություն