Ուրախալի է ու ոգևորիչ է. լուսավորում են փողոցներ, որոնք 30-40 տարի լույս չեն ունեցել. Փաշինյան
Սուբվենցիոն ծրագրերը պետք է դառնան տարածքային համաչափ զարգացման առանցքային գործիքը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, սուբվենցիոն ծրագերով առաջատար են այն մարզերը, որտեղ խոշորացումն արդեն տեղի է ունեցել:
«Շատ կարևոր է, երբ որոշումները պատշաճ ձևով կյանքի են կոչվում, մենք կարող ենք ասել՝ Հայաստանում չի կարող լինել գեթ մի համայնք, որտեղ շատ շոշափելի, էական կապիտալ ներդրում չի արվել: Այսօր կառուցվում են ճանապարհներ, որտեղ 30-40 տարի ոչ մի աշխատանք չի արվել, փողոցներ են լուսավորում, որոնք 30-40 տարի լույս ընդհանրապես չեն ունեցել ու սա շատ կարևոր է, ուրախալի է ու ոգևորիչ», - հայտարարեց ՀՀ վարչապետը:
Ամփոփելով խոսքը՝ վարչապետն ասաց, որ 2018-2021 թվականների ընթացքում համայնքներում ավելի քան 200 միլիոն դոլարի ներդրում են ապահովել:
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն էլ ասաց, թե փոխվել է բնակչության ապրելու, ստեղծագործելու մոտիվացիան, որովհետև տարիներ շարունակ համայնքներում տեղաշարժ չտեսնելով՝ որոշակի հիասթափություն է եղել:
«Բայց հիմա մենք տեսնում ենք, որ մարդիկ այլ կերպ են սկսում վերաբերվել տարածքային մարմնին, կառավարությանը», - ասաց նա:
Նշենք, որ այսօր կառավարությունը որոշում կայացրեց ՀՀ մարզերին սուբվենցիոն ծրագրերի համար տրամադրել 532 մլն դրամ: