Ստեփանակերտում կարգելվեն տոնական և հիշատակի միջոցառումները

Ստեփանակերտի քաղաքապետը որոշում է ստորագրել կորոնավիրուսով պայմանավորված կարանտին սահմանելու մասին։

Ըստ այդ որոշման կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումները և սահմանափակումները՝ ստորև.
 

Անձին 14 օրացույցային օրով ինքնամեկուսացման հրահանգ տրվում է հետևյալ դեպքերում՝
 

1) անձի մոտ կորոնավիրուսային հիվանդության հաստատման դեպքում, եթե վերջինս ենթակա չէ հոսպիտալացման.
 

2) կորոնավիրուսային հիվանդության հաստատում ունեցող անձի հետ շփում ունենալու դեպքում՝ սկսած շփման վերջին օրվանից:
 

Այն դեպքում, երբ ինքնամեկուսացման ընթացքում անձի մոտ հաստատվում է վարակի առկայությունը, ինքնամեկուսացումը երկարաձգվում է մինչև անձի բուժումը կամ վարակի բացակայության փաստի հաստատումը:
 

Ինքնամեկուսացված անձի նկատմամբ իրականացվում է օբսերվացիա:
 

Արգելվում են հանրային միջոցառումները, այդ թվում՝
 

1) տոնական (ներառյալ` ծննդյան տարեդարձի, հարսանյաց, նշանադրության) և հիշատակի միջոցառումները, բացառությամբ հուղարկավորության և հոգեհանգստի արարողությունների՝ 20-ից ոչ ավելի անձանց մասնակցությամբ.
 

2) անձանց սոցիալական, մշակութային, կրթական, սպորտային կամ այլ ժամանցային կարիքների բավարարմանն ուղղված այլ միջոցառումները (համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները, կրթական այլ միջոցառումներ).
 

3) փակ տարածքներում հանրային միջոցառումները:
 

Սահմանափակումների կիրառման նկատմամբ հսկողությունն իրականացնում են Արցախի Հանրապետության ոստիկանությունը, լիազոր մարմինը և համայնքը:
 

Երկարատև խնամքի ծառայություններ մատուցող հաստատություններում և հոգեբուժական կազմակերպություններում տեսակցություններ թույլատրվում են բացառապես կորոնավիրուսային հիվանդության գործող դեպքերի բացակայության և սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման դեպքում:
 

Համայնքի ամբողջ տարածքում կիրառվում են անհատական պաշտպանության միջոցներ՝ համաձայն լիազոր մարմնի կողմից սահմանված ցանկի, կիրառման դեպքերի և կարգի:
 

Տնտեսական գործունեության առանձին տեսակների, ծառայությունների մատուցման և տնտեսական գործունեությամբ չզբաղվող կազմակերպությունների գործունեության իրականացումը թույլատրվում է միայն լիազոր մարմնի կողմից սահմանված համապատասխան սանիտահամաճարակային անվտանգության կանոնների պահպանված լինելու դեպքում: Սույն կանոնի պահպանման նկատմամբ սահմանվում է վերահսկողություն՝ օրենքով սահմանված կարգով:
 

Հավաքներ կազմակերպել, անցկացնել և հավաքներին մասնակցել թույլատրվում է միայն սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված անհատական պաշտպանության միջոցների կիրառման և անձանց միջև նվազագույնը 1.5 մետր հեռավորության պահպանման դեպքում:

Քաղաքականություն