Կառավարությունը չի նշում, թե ինչի դիմաց է ԶՊՄԿ-ից «թանկարժեք նվեր» ստացել. 24News
Կառավարությունը չի մանրամասնում, թե ինչի դիմաց է որպես նվիրատվություն ստացել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետիրական կապիտալի 15 տոկոսը։
Հոկտեմբերի 30-ին 24News-ը գրել էր, որ «Զանգեզուր Մայնինգ» ընկերությունը, որի բենեֆիցիարը հանդիսանում է նաև Ռուսաստանի Դաշնության առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար, ՌԴ նախագահի նախկին խորհրդական Միխայիլ Զուրաբովը, գործարքներն անվավեր ճանաչելու պահանջով դատի է տվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը, «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությանն ու Հայաստանի Հանրապետությանն՝ ի դեմս վարչապետի աշխատակազմի։
«Զանգեզուր Մայնինգ»-ը դիմել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ «Գեոպրոմայնինգ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոման Տրոցենկոյի կողմից կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսի ձեռքբերման գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու մասին պահանջով։ Զուրաբովը ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսի սեփականատերն է։
Կառավարության պաշտոնական էջում հոկտեմբերի 1-ին հրապարակված հաղորդագրության համաձայն՝ «Արդյունաբերական ընկերություն»-ը ՀՀ կառավարությանն է նվիրաբերել Ընկերության 25% բաժնետոմսերը։ ««Արդյունաբերական ընկերությանն» է պատկանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) 60%-ը։ ՀՀ կառավարությանը նվիրաբերված 25%-ը կազմում է ԶՊՄԿ ընդհանուր կապիտալի 15%-ը, որն էլ հետևապես անցել է ՀՀ սեփականությանը։ «Արդյունաբերական ընկերությունը» «Գեոպրոմայնինգ Արմենիային» պատկանող ընկերություն է, որը 2021թ. սեպտեմբերի 30֊ին ձեռք էր բերել ԶՊՄԿ֊ի 60%֊ը»։
Այս գործով պատասխանողներ են նշանակվել Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ վարչապետի աշխատակազմի, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն ու Մոսկվայում գրանցված «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը։
Նոյեմբերի 2-ին 24News-ը հարցում էր ուղարկել կառավարություն՝ հետաքրքրվելով.
1․ Ինչպե՞ս է մեկնաբանում կառավարությունն այս դատական գործընթացը։
2․ Ինչի՞ դիմաց է կառավարությանը տրվել ԶՊՄԿ ընդհանուր կապիտալի 15%-ը։
Առաջին հարցին պատասխանելիս կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը նշել է, որ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 25-ին Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում՝ ԶՊՄԿ-ում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում հրապարակային պարզաբանում է ներկայացրել նշված հարցադրման վերաբերյալ։
ԶՊՄԿ-ի հետ կապված վերջին դատական գործընթացին անդրադառնալով՝ Պապիկյանն ասել էր, որ դա «միանշանակ չի խանգարում» կառավարության գործունեությանը։ «Դա աշխատանքային պրոցես է: Հիմա գործընկերները, ովքեր համարում են, որ այդտեղ կա որոշակի ոչ իրավաչափ գործողություններ, դիմել են դատարան, բնականաբար դատարանը նրանց կպատասխանի: Որևէ արտառոց բան չեմ տեսնում։ Մենք համոզված ենք, որ այն, ինչ կատարվել է, իրավաչափ է, և մենք էլ մեր հերթին պիտի պաշտպանենք մեր դիրքերը և ՀՀ շահերը», - հավելել էր փոխվարչապետը։
Իսկ 2-րդ հարցին գործադիր մարմնից որևէ մանրամասն պատասխան չի տրվել։ ««Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերության կողմից կառավարությանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետիրական կապիտալի 15 տոկոսի նվիրատվությունը կատարվել է համապատասխան պայմանագրի հիման վրա, որով նախատեսվում է, որ մի կողմը տրամադրում է, մյուս կողմը՝ ընդունում։ Գործընթացը իրավաչափ է, և այստեղ այլ իրավահարաբերություն չկա», - ասված է պատասխանում։
Կառավարությունն, ըստ էության, չի նշել, թե ինչի դիմաց է արժանացել այդպիսի «թանկարժեք նվերի»։

ԶՊՄԿ-ը հրաժարվել էր որևէ մեկնաբանություն տալ այս գործարքի և դատական գործընթացի վերաբերյալ, իսկ նվիրատվությունը կատարած ընկերությունից դեռևս չի հաջողվել որևէ պատասխան ստանալ։
Նմանատիպ հոդվածներ
Գեղարքունիքում նռանկի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել. ՀԺ
Այսօր Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում նռանկի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել:Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույ...
Պատվաստման գործընթացը համաճարակի ժամանակ միշտ լինում է անարդյունավետ.բժիշկ
Ցանկացած պանդեմիայի կանխարգելումը պատվաստումն է, բայց պատվաստման գործընթացը համաճարակի ժամանակ միշտ լինում է անարդյունավ...
Ռոբերտ Քոչարյանը կոչով դիմել է քաղաքացիներին
Համազգային դիմադրությունը սկիզբ է առնում: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի...
ՀՐԱՏԱՊ․ Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա․ լարված իրավիճակ սահմանին
14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շարունակում է լարված մնալ։ Ինչպես արդեն հա...