Հասարակություն

Երևանի մետրոյի ռելսերն անվտանգ չեն. պետական բյուջեից գումար կհատկացվի

Երևանի մետրոյի ռելսերն անվտանգ չեն. պետական բյուջեից գումար կհատկացվի

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գնացքի ռելսերը գտնվում են ծայրահեղ մաշված վիճակում, ինչը ողղակիորեն սպառնում է քաղաքացիների անվտանգ տեղափոխմանը և մետրոպոլիտենի անվտանգ աշխատանքի կազմակերպմանը։ ՀՀ կառավարության այսօրվա նիստում առանց քննարկման ու զեկուցման ընդունվեց մի որոշում, որով գործադիրը հավանություն տվեց «Հարավկովկասյան երկաթուղուց» 4300 մ ռելսեր գնելու առաջարկին, որի ընդհանուր արժեքը կկազմի 141 միլիոն դրամ` ներառյալ տեղափոխման գինն ու ԱԱՀ–ն։ Այդ գումարը կհատկացվի ՀՀ պետական բյուջեից։

Ուսումնասիրելով շուկան` պարզվել է, որ երևանյան մետրոյի ռելսերի 1 մետրի արժեքը սկսվում է 37 000 դրամից։ Մինչդեռ «Հարավկովկասյան երկաթուղին» առաջարկել է 1 մետրի դիմաց 32 800 դրամ։

Բացի այդ, ընկերությունն առաջարկել է մատակարարումն իրականացնել անհամեմատ սեղմ ժամկետներում՝ մինչև 45 օրվա ընթացքում։ «Վերլուծելով շուկայում առկա գները և մատակարարման ժամկետները՝ գտնում ենք ռելսերի նշված խմբաքանակի ձեռքբերումը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից նպատակահարմար»,– ասված է որոշման մեջ։

Նշենք, որ 2021թ. օգոստոսին կատարած ուսումնասիրության համաձայն` Երևանի մետրոյի շահագործվող գծերում առկա են 4400 մ ժամկետանց, 2000 մ` արատային, 775 մ` անհապաղ փոխարինման ենթակա ռելսեր, սակայն պահուստում ոչ մի մետր ռելս չկա:

Ընդ որում` ամեն տարի շահագործման ընթաքում ի հայտ են գալիս ևս 250-400 գմ նոր արատային ռելսեր, որոնք շահագործման կանոնների համաձայն` ենթակա են փոխարինման։

Երևանի մետրոպոլիտենի համար վերջին անգամ ռելսեր ձեռք են բերվել 2014թ. մարտին՝ 4400 մ: Դրանք տեղակայվել են շահագործվող գծերում 2014-2018թթ. ընթացքում:

Իսկ 2018 թվականից մինչ օրս ընկերությունը նոր ռելսեր չի գնել, չնայած միայն 2020-2021թթ.. ընթացքում հայտարարվել են թվով 7 մրցույթներ, որոնք արդյունք չեն տվել։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250