
Բժիշկներ են աշխատանքից ազատվել՝ հակապատվաստումային քարոզ իրականացնելու համար. նախարար

«Փոքրաթիվ բժիշկները, որոնք հակապատվաստումային քարոզ են տանում, շատ ակտիվ են։ Օր ու գիշեր զբաղված են վնասարարությամբ»,- Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստից հետո՝ պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ կորոնավիրուսային պատվաստանյութերին դեմ արտահայտվող և հակապատվաստումային քարոզ իրականացնող որոշ բժիշկների։
Ավանեսյանը տեղեկացրեց, որ մոնիթորինգ են իրականացնում, փորձում առաջնային օղակի հետ աշխատանք տանել՝ հասկանալու, արդյոք բժիշկն իրավունք ունի զբաղեցնելու մի պաշտոն, որին հակառակ ուղղությամբ է կառուցում հանրային խոսքը։
«Բժիշկների լիցենզավորման ինստիտուտը պետք է լիներ այն գործիքը, որ բժիշկը չի կարող հակագիտական, հակապատվաստումային գործողություններ իրականացնել։ Մենք լուրջ պլաններ ունենք՝ առաջիկայում պատրաստվում ենք լայնածավալ քննարկումներ անել, նախապատրաստական աշխատաքներ տանել, որ հետագայում ունենանք այդ ինստիտուտը։ Չի կարող բժիշկը իր լիցենզիան պահպանել, եթե նման գործունեությամբ է զբաղվում»։
Նախարարը հայտնեց, որ կոնկրետ բժշկական կենտրոններ որոշ բժիշկների աշխատանքից ազատել են նման վարքագիծ դրսևորելու համար։