ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու է բարձրացվում դատախազի և տեղակալների աշխատավարձերը. պարզաբանում է նախարարը
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր պարզաբանեց, թե ինչու են ցանկանում մեծ չափով բարձրացնել ՀՀ գլխավոր դատախազի և նրա տեղակալների աշխատավարձերը:
Նա հայտարարեց, թե այնպես չէ, որ Արդարադատության նախարությունը շատ անհանգստացած է կոնկրետ որևէ մեկ կամ մի քանի պաշտոնյայի աշխատավարձը բարձրացնելու հանգամանքով:
«Տրամաբանությունը եղել է հետևյալը. մենք իրականացնում ենք հակակոռուպցիոն ընդհանուր համակարգի բարեփոխման և ռազմավարության իրագործում: Այսինքն՝ նախարարությունը, բացի իր գործառույթներից, նաև անհանգստացած է և կազմակերպում է Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը, հակակոռուպցիոն դատարանների ստեղծումը», - ասաց նա:
Նախարարի խոսքով՝ Հակակառուպցիոն դատարանում և Հակակոռուպցիոն կոմիտեում աշխատավարձերն ավելի բարձր են, քան՝ այն ստորաբաժանումում Դատախազության, որը դատարանի և կոմիտեի միջև միջին օղակն է:
«Հետևաբար անտրամաբանական էր դառնում, որ կոմիտեի քննիչներն ավելի բարձր աշխատավարձ էին ստանալու, քան՝ դատախազները, որոնք զբաղվելու էին հակակոռուպցիոն տրամաբանությամբ: Մենք առաջարկեցինք, որ բարձր լինի դատախազներինը, բայց, եթե Գլխավոր դատախազության համապատասխան վարչության պետի աշխատավարձը դարձնում էինք համաչափ քննիչի և դատավորի հետ, ստացվում էր, որ գլխավոր դատախազության վարչության պետն ավելի բարձր աշխտավարձ պետք է ստանա, քան՝ Գլխավոր դատախազի տեղակալն ու գլխավոր դատախազը», - ասաց նա:
Նախարարի խոսքով՝ այս լուծումն այլ կերպ չէին տեսնում, քան՝ ընդհանուր համակարգում բոլորինը բարձրացնելը:
Կարեն Անդրեասյաննը նշեց, որ սա նաև միջազգային փորձագետների տրամաբանությունն է, բոլորի պահանջն է, որ հակակոռուպցիոն բլոկի աշխատողների աշխատավարձը պետք է ավելի բարձր լինի: «Որևէ պաշտոնյայի աշխատավարձը տվյալ դեպքում չի քննարկվում բարձրացնել, սա ընդամենը նպատակ է՝ հասկանալու, թե ինչպես անել, որ հակակոռուպցիոն համակարգը, որն ունի մի քանի անգամ ավելի բարդություններ, ռիսկեր, այնպես անենք, որ եթե այն բարձր է լինելու, այդ բարձր լինելը լինի փոքր-ինչ տրամաբանական: Միգուցե, մեր լուծումը լավագույնը չէ, որ փորձում ենք, որ վարչության պետի ու դատախազների համար բարձրացնել իրենց ղեկավարի աշխատավարձը, որ դա տրամաբանություն լինի, դրա համար դա դրել ենք քննարկման, նույնիսկ պաշտոնապես դեռ չենք էլ պնդում, որ դա է լավագույն լուծումը», - ասաց Արդարադատության նախարարը:
Հիշեցնենք՝ Արդարադատության նախարարությունը ներկայացրել է նախագիծ, որով առաջարկվում է գլխավոր դատախազին և նրա տեղակալներն ամեն ամիս աշխատավարձի 90-120 տոկոսի չափով հավելավճար հատկացնել։