Մարզպետարանի աշխատակիցները 68 միլիոն պարգևավճար են ստացել, բայց դպրոցի տանիքը նորոգելու համար փող չկա. լրագրող

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

 

«Խորհրդային շրջանում Նոյեմբերյանի շրջանի հեռավոր, Ադրբեջանին սահմանամերձ Բարեկամավան գյուղից արտագաղթ է եղել, որը մեծ թափ է առել Հայաստանի անկախանալուց հետո։ 1970-ական թվականների կեսերին Բարեկամավանի ութամյա դպրոցն ունեցել է շուջ 330 աշակերտ, բարեկամավանցի 9-10-րդ դասարանների աշակերտներն իրենց ուսումը շարունակել են հարևան գյուղի՝ Կոթիի, Ոսկեվանի և Նոյեմբերյանի միջնակարգ դպրոցներում։ Ներկայումս Բարեկամավանի միջնակարգ դպրոցն ունի 13 աշակերտ։ Բարեկամավանի դպրոցի շենքի տանիքի նորոգումը կիսատ է մնացել 2020թ․ սեպտեմբերից, նորոգումը իրականացվել է Ստավրոպոլում ապրող բարեկամավանցիների հանգանակած ֆինանսական միջոցներով։ Տավուշի այն ժամանակվա մարզպետ Հայկ Չոբանյանը բարեգործներին ներկայացրել է, որ դպրոցի տանիքի նորոգման համար բավական է 8,5 միլիոն դրամը, մինչդեռ հետո արված հաշվարկները ցույց են տվել, որ տանիքի նորոգումն իրականացնելու համար հարկավոր է 12 միլիոն դրամ։ Դպրոցի շենքի տանիքի նորոգման համար անհրաժեշտ շինանյութն առկա է, սակայն բանվորներին աշխատավարձ վճարելու գումարներ չկան, պետական բյուջեից այդ նպատակով աջակցություն չի ցուցաբերվել։ Տավուշի մարզպետարանից տեղեկացա, Տավուշի մարզպետարանի աշխատակիցները 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում` 9 ամսում, ստացել են 68 024.8 հազար դրամ պարգևավճար։ Տավուշի մարզպետը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանն է, ով այդ պաշտոնին է նշանակվել Ն․ Փաշինյանի 2021թ․ ապրիլի 8-ի որոշմամբ»։

Քաղաքականություն