
Անհետ կորած և զոհված զինծառայողների հարազատները դադարեցրեցին բողոքի ակցիան

Անհետ կորած և զոհված զինծառայողների ակցիան կառավարության մոտ ավարտվեց։ Նրանք կհանդիպեն վարչապետին շաբաթվա վերջին։
Զոհված զինծառայողի հայր Գարիկ Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ոստիկանապետին հանդիպման ընթացքում հարազատները խնդրել էին աջակցել և հանդիպում կազմակերպել վարչապետի հետ։ Հանդիպումը կայացել է, պայմանավորվածություն են ձեռք բերել շաբաթ օրը հանդիպում կազմակերպել զինծառայողների հարազատների և վարչապետի հետ։
Մխիթարյանը նշեց, որ հարցերի շրջանակ են կազմում և ներկայացնելու են նաև հարազատների թվային տվյալներ, թե ովքեր են ներկա կլինեն հանդիպմանը։ Խնդրանքն է՝ չգերազանցի 8-10 հոգին, իսկ ավելի արդյունավետ հանդիպում կարող է լինել 6 ծնողի հետ։
«Մեր պահանջն ու խնդրանքն է, որ լինենք սահմանափակ, որ կարողանանք մեկս մյուսին լսել, որովհետև փորձը ցույց է տվել, որ որքան ծնողները շատ են լինում, յուրաքանչյուրը իր անհատական պատասխանն է ուզում լսել, իսկ մենք ուզում ենք ընդհանուր գործերի մասին պատասխան լսել»։
Ծնողները պատրաստվում են տեղեկանալ թե քննչական գործողությունների արդյունքում ի՞նչ նորություններ կան, ԴՆԹ-ների հետ կապված ինչ արդյունքներ ունեն։ Կբարձրաձայնեն նաև գերիների մասին հարցերը, կփորձեն հասկանալ, թե արդյոք գործողություններ են կատարվում՝ պարզելու թե տվյալ զինծառայողներից ովքեր են մնում ենթադրյալ գերիների ցուցակում, իսկ որոնք են հայտնվում գերիների հաստատված ցուցակի մեջ։
Մխիթարյանը նշեց, որ հույս ունեն, որ շաբաթ օրվա ունեցած հանդիպման պայմանավորվածությունը չի փոխվի։ Հայտարարեց, որ օրը նշվել է, կառավարության մոտ մնալու իմաստ չեն տեսնում։ Ծնողները կհանդիպեն, օրակարգի հարցերը կխմբագրեն։ Հանդիպման ժամի և քանակի մասին տեղեկությունները փոխանակելու են վարչապետի օգնականի հետ։
«Պահանջատեր ենք, իրավունք ունենք բարձրաձայնելու մեր պահանջները, որպեսզի համապատասխան կառույցները արձագանքեն ու գործերին ընթացք տան»,- եզրափակեց Մխիթարյանը։