
Մոսկվան ծրագրում է «խոպանչիներին» այլևս չներգրավել շինարարական ոլորտում

Մոսկվայում շինարարական ոլորտում առկա է աշխատուժի սուր պակասորդ։ Այս մասին հայտարարել է Մոսկվայի փոխքաղաքապետ Անդրեյ Բոչկարյովը, հավելելով, որ մոսկովյան շինարարական ոլորտում աշխատուժի պակասորդը ներկայումս կազմում է 40 տոկոս։ Նա նշել է, որ նմանատիպ իրավիճակ ստեղծվել է այն պատճառով, որ տեղի է ունեցել աշխատանքային միգրանտների զանգվածային արտահոսք եւ եթե նախկինում մոսկովյան շինարարություններում 120 հազար աշխատանքային միգրանտ էր աշխատում, ապա հիմա այդ թիվը երեք անգամ կրճատվել է։
Բոչկարյովը հավելել է, որ այժմ շինարարություններում միգրանտներին վճարում են ամսական 50-60 հազար ռուբլի, սակայն էլի նրանք չեն ուզում աշխատել, նույնիսկ եթե ավելի շատ էլ վճարեն, ու հիմա Մոսկվայի իշխանությունները սկսել են մշակել ծրագիր, որը թույլ կտա շինարարական ոլորտում չներգրավել միգրանտների աշխատուժը։
Մոսկվայի փոխքաղաքապետը նկատել է, որ դրա համար հարկավոր է կատարելագործել տեխնոլոգիապես շինարարության պրոցեսը այնպես, որ այն երեք անգամ ավելի քիչ աշխատուժ պահանջի։ Բոչկարյովը հավելել է, որ այժմ որոշ օբյեկտներում փորձարարական կերպով նման ծրագիր իրականացվում է։