
«Կոկորդդ կկտրենք». որդուս սպանության գործով վկաներին բացահայտ ահաբեկում են․ սպանված կուրսանտի հայր. Tert.am

Որդուս սպանությունից շուրջ 7 տարի անց գործով վկաներին ահաբեկում են, սպառնում, որ ցումունքները փոխեն։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է 2015-ի հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում առանձնակի դաժանությամբ սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը՝ հավելով, որ երեկ այդ մասին դատարանում հերթական նիստի ընթացքում ևս հայտնել է։
Մասիսի բաժնում քրեական գործ էլ կա հարցուցված։ Գործով ամբաստանյալ Վաչե Սահակյանի ընկերն է սպառանացողը։ Գնում, տեսնում են վկաներին ու ասում ՝ «Կոկորդդ կկտրենք», «աչքերդ չորս արած ման արի» , «ծնողներիդ մասին մտածի»։ «Այդպես ասել են սենյակի տղաներից Գևորգ Վարդանյանին, հիմա ավիացիայում է աշխատում, Տիգրան Դեմիրճյանին, սենյակի բոլոր տղաներին, օրապահին և հերթապահին ևս զանգել են, գնացել հանդիպել են, փորձել են խաբելով, սպառնալով, համոզել։ Պատկերացրեք՝ Խաչիկ Մինասյանը, Թելման Մխիթարյանը Արցախում են ծառայություն իրականացնում, դատավորի անունից են խոսել, ասել են դատավորն է ասել, որ զանգեմ, գաք ձեր ցուցմունքները փոխեք», - մանրամասնել է Արկադի Բարսեղյանը։
Նա տեղյակցրել է, որ վկաներից Գևորգ Վարդանյանը ևս հաղորդում է ներկայացրել իր նկատմամբ հնչեցրած սպառնալիքների մասով։
«Հասկանալի է, որ հասարակության համար Հայկազի գործը հետին պլան մղվեց, այդքան սուգ տեսանք, այդքան զոհեր եղան, բնական էր, որ այդպես պիտի լիներ, բայց երբ որ գործը հանրության ուշադրության կենտրոնում էր, կրկին զանգում էին, որ վկաները ցուցմունքները փոխեն, բայց բացահայտ չէին ահաբեկում,իսկ հիմա սկսել են ահաբեկելը, ժողվրդական խոսք կա ՝«գործը ինչքան հնանում է, տերը շնանում է»։ Արդեն առանց վախի գործում են, ասել են՝ ուզում ես ոստիկան կանչի, ուզում ես՝ քննիչին ասա, ոչ մեկից էլ չենք վախենում, պիտի գաս դատարան, ցուցմունքդ փոխես»,-ասաց նա։
Սպանված կուրսանտի հայրը տեղեկացրեց, որ առկա է նաև ձայնագրություն, որտեղ վկաներից Խաչիկ Մինասյանը պատմում է, որ դատավորի անունից են պահաջում ցուցմունքը փոխել, ձայնագրությունը կատարվել է Խաչիկ Մինասյանի համաձայնությամբ։
Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում: