Աղվան Հովսեփյանի կալանավորումը երկարացվեց ևս երկու ամսով

Աղվան Հովսեփյանի կալանավորումը երկարացվեց ևս երկու ամսով։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, բավարարեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու մասին միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»֊ն տեղեկացավ փսստաբան Էրիկ Ալեքսանյանից։
 

Դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի։
 

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից բավարարվել է։
 

Ընդ որում՝ մոտ 45 տարի իրավապահ կառույցներում ամենաբարձր ղեկավար պաշտոններ զբաղեցրած Աղվան Հովսեփյանին նախաքննական մարմինը չի կարողացել իր ծառայական գործունեության հետ կապված որևէ ապօրինություն մեղսագրել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, ենթադրյալ փողերի լվացման հատկանիշներով։
 

Ընդ որում, կալանավորման որոշումը կայացնելիս անգամ դատարանն արձանագրել է, որ բացակայում է քննությունից թաքնվելու հավանականությունը, ու որպես կալանավորման հիմք մատնանշել նրա նախկինում զբաղեցրած բարձր պաշտոնները, թե, իբր, կարող է ազդել քննության վրա՝ առանց որեւէ փաստացի օրինակ մատնանշելու։

Քաղաքականություն