Գորիս-Կապան ավտոճանապարհի հատվածում քաղաքացիներին ուղեկցում է ոստիկանությունն ու ԱԱԾ-ն․ Ֆիդանյան

Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ-անոց հատվածում ոստիկանությունն իրականացնում է մի շարք գործառույթներ, ուղեկցում է քաղաքացիներին, իսկ այժմ, պայմանավորված եղանակային պայմաններով, ուղեկցումների անհրաժեշտությունն ավելանում է, ճեպազրույցում հայտնեց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։

Հարցին՝ չկա՞ն դեպքեր, երբ քաղաքացիներն առանց ոստիկանության ուղեկցության են անցնում ճանապարհի այդ հատվածը, Ֆիդանյանը պատասխանեց․ «Չէ, չեմ կարող ասել։ Այդ հատվածում, որտեղ որ անհրաժեշտ է ուղեկցում կատարել, միանշանակ, ուղեկցումն իրականացվում է՝ լինի դա ոստիկանության, թե ԱԱԾ ուժերով»։

Փոխոստիկանապետին լրագրողները հիշեցրեցին Գորիս-Կապան ավտոճանապարհին քաղաքացիներից մեկի հետ տեղի ունեցած դեպքի մասին, երբ ադրբեջանցիները կանգնեցրել էին նրա մեքենան, հայհոյել ու հարվածել փոխադրամիջոցին։ Թե ուղեկցումների պարագայում ինչպե՞ս են նման դեպքեր տեղի ունենում, Ֆիդանյանը հստակ չպատասխանեց։

«Չեմ կարող ասել, դա, ըստ էության, այլ ծառայություններն են ստուգում իրականացնում, ճիշտ կլինի իրենց ուղղել այդ հարցը», - ասաց նա։

Իսկ Գորիս-Կապան ավտոճանապարհի այն հատվածը, որը ոստիկանության լիազորություններից դուրս է դիտարկվում, փոխոստիկանապետի խոսքով, միջազգային փաստաթղթերի հիմքով պետք է կարգավորվի։

«Տվյալ հատվածը, որը ոստիկանության գործառույթներից, լիազորությունների շրջանակից դուրս է գտնվում, պետք է կանոնակարգվի միջազգային փաստաթղթերի հիման վրա։ Այսինքն, ճանապարհի այն հատվածը, որը ՀՀ տարածքում չի դիտարկվում, և եթե այդտեղ որոշակի դեպք է տեղի ունենում, պայմանավորվածություն կա, որ ճանապարհային պատահարների դեպքում ոստիկանությունն է զբաղվում այդ հատվածում։ Այո, այնտեղ մենք մի շարք դեպքեր ունեցել ենք, և մեր ոստիկանությունն այնտեղ իրականացրել է համապատասխան միջոցառումներ»,- ասաց նա։

Քաղաքականություն