Այս տարի աճել են սպանության դեպքերը. փոխոստիկանապետը տվյալներ է հայտնում

2021թ.-ի 9 ամիսների ընթացքում Հանարապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 6.1 տոկոսով։ Գրանցվել է հանցագործության 20863 դեպք։ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում այս մասին հայտարարեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։

Նրա խոսքով այս թիվը հիմնականում պայմանավորված է խարդախությունների, գողությունների և ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերի աճով։

«Գրանցված 20863 դեպքի մեջ հիմնական բաժինն ընկնում է ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններին, որոնք համարվում են առավել նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցատեսակներ և կազմում են գրանցված ընդհանուր հանցագործությունների 84 տոկոսը։ Ըստ առանձին հանցատեսակների՝ աճել են սպանության՝ 39-41, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված, գողության, ավազակության, խարդախության, համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունների, տրանսպորտային միջոցներ փախցնելու, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերը»,-նշեց փոխոստիկանապետը։

Արա Ֆիդանյանը հավելեց, որ միևնույն ժամանակ նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս հասցնելու, բնակարանային գողության, կողոպուտի, յուրացման կամ վատնման, խուլիգանության դեպքերը։

Այս ժամանակահատվածում վարույթում քննվող քրեական գործերով անցնող 29 129 հանցագործության դեպքերից 57.8 տոկոսով առկա է որպես մեղադրյալ ներգրավված անձ։

Քաղաքականություն