Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» կրոսավազքի սիրողական մրցաշարի հաղթողը՝ Երվանդ Մկրտչյանն է

«ՀՀ վարչապետի գավաթ» կրոսավազքի սիրողական մրցաշարի հաղթողը Երվանդ Մկրտչյանն է։

 

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, վազորդը 10 կմ տարածությունը հաղթահարել է մոտ 30 րոպեում: 

 



«Սա հիանալի հնարավորություն էր թե՛ ինքդ քեզ, թե՛ մյուս մարզիկներին ցույց տալու, որ կարող ես հաղթահարել քո առջև դրված խնդիրը: Շատ լավ հաղթահարեցի 10 կմ-ը»,- ասում է Երվանդ Մկրտչյանը:

 

Երվանդը գյումրեցի է, և ըստ նրա՝ Գյումրիում վազելն ավելի բարդ է, քանի որ ծովի մակարդակից բարձր է, իսկ Երևանը՝ ցածր, ու տարածությունն ավելի հարթ էր:

 

«Չի կարելի ասել, թե հավասարը չունեի: Այստեղ շատերին ճանաչում եմ, բոլորն իմ ընկերներն են ու բոլորն էլ շատ լավ վազեցին: 10 կմ վազելու փորձ չունեի, 5 անգամ մասնակցել եմ Երևանի կիսամարաթոնին ու 5 անգամ էլ չեմպիոն դարձել։ Նման մրցաշարերը շատ եմ կարևորում. սա ևս կնպաստի աթլետիկայի զարգացմանը մեր երկրում, քանի որ աթլետիկան սպորտի թագուհին է»,- եզրափակել է մեր հերոսը:

 

Հիշեցնենք, որ մեկնարկը տրվել է Փարաքարի համայնքապետարանի մերձակա տարածքից։ Վերջնակետը եղել է Էջմիածնի հրապարակը: Մրցանակակիրները պարգևատրվելու են։ 

 

Առաջին տարիքային խմբի մրցանակակիր տղաները և աղջիկները կստանան համակարգիչներ: Երկրորդ և երրորդ տարիքային խմբերում առաջին տեղի համար սահմանված է 1 մլն դրամ մրցանակ, երկրորդ տեղի համար` 600 հազար դրամ, երրորդ տեղի համար` 400 հազար դրամ, չորրորդ տեղի համար` 150 հազար դրամ, հինգերորդ տեղի համար` 100 հազար դրամ:

Դրամական խրախուսումներ են նախատեսված նաև 6-10-րդ տեղերը գրավածների համար` 75 հազարական դրամ, 11-20-րդ տեղերի համար` 50 հազարական դրամ: Բացի դրանից՝ մրցաշարի 3 տարիքային խմբերում 1-3-րդ տեղեր գրաված մասնակիցները կպարգևատրվեն ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով, գավաթներով, մեդալներով: Դրամական պարգևներ կստանան ՀՀ քաղաքացի հանդիսացող մասնակիցները:

 

Քաղաքականություն