Սյունիքում 25 կմ հետ քաշվելը հիմնավոր է եղել. Արմեն Գրիգորյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն հարցին, որ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ ինքն է Վաղարշակ Հարությունյանին ցուցում տվել կամ քննարկումների արդյունքում նման որոշում կայացրել, որ պետք է Սյունիքում տարածքներ զիջել և 25 կմ հետ քաշվել։

 

Հարցին՝ արդյոք դա քննարկվե՞լ է Անվտանգության խորհրդի նիստում, թե՞ Փաշինյանն ինքն է միաձայն նման որոշում կայացրել, Գրիգորյանն ասաց, որ քննարկումների արդյունքում է որոշում կայացվել։

«Առանձին դրա մասով Անվտանգության խորհրդի նիստ չի եղել, բայց, բնականաբար, Անվտանգության խորհրդի անդամները մասնակցել են այդպիսի քննարկումներին»,-ասաց ԱԽ քարտուղարը։

 

Նա, սակայն, չասաց, թե որն է եղել զորքերը հետ քաշելու հրամանի հիմնավորումը՝ նշելով, որ դա ռազմական գաղտնիք է․ «Երկար քննարկումներից հետո այդ որոշումը կայացվել է։ Ես չեմ կարող մանրամասներ ներկայացնել, բայց հիմնավոր է եղել»։

Դիտարկմանը, թե դա 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի խախտո՞ւմ չէ, արդյոք, Արմեն Գրիգորյանն ասաց․ «Բոլոր գործոնները հաշվի առնելով են այդ որոշումը կայացրել, այդ որոշման քննարկմանը մասնակցել է և՛ Պաշտպանության նախարարությունը, և՛ Գլխավոր շտաբը, և եզրահանգումը հիմնված է եղել բազմակողմանի քննարկման վրա»։

Հարցին՝ ո՞րն է եղել այդտեղ պետական և հանրային շահը, Գրիգորյանը չցանկացավ պատասխանել․ «Հաջորդ անգամ, մյուս հարցազրույցի ժամանակ կասեմ»։

 

Քաղաքականություն