
«Haqqin.az»-ի հերոս չդառնալու համար պետք է զերծ մնալ չճշտված տեղեկություն հրապարակելուց. փոխնախարար

Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ՊՆ-ի քննադատությունը հայտնվել էր «Հաքին.ազ»-ում և նման այլ կայքերում։ Չե՞ք կարծում՝ սխալ էր նման մոտեցումը։ Աժ-ում Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին այս հարցն ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Ընդդիմադիր պատգամավորը նկատեց՝ ՄԻՊ-ի հայտարարությունը ոչ թե ՊՆ-ին ուղղված քննադատություն էր, այլ հակառակորդի, թշնամու վարքագծի գնահատականին էր ուղղված։
«Այնտեղ օգտագործվել են ձևակերպումներ, որոնք Հայաստանի ազգային և պետական շահերից են բխում։ Փաստ է, որ մինչ օրս միջազգային հանցագործություններ կատարած թշնամու զինծառայողները մեր տարածքից դուրս չեն շպրտվել»,-ասաց Արամ Վարդևանյանը։
Պաշտպանության փոխնախարարն ասաց, որ մարդու իրավունքների պաշտպանի հետ շատ դեպքերում առողջ համագործակցություն եղել է, իսկ նման արձագանք տալու համար հիմքեր կան։
«Պաշտպանության նախարարության կողմից արված հայտարարությունը հիմնված է տեղում ծառայող զինվորների տրամադրած տեղեկատվության հիման վրա։ ՊՆ-ն խնդրում էր զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելու։ «Հաքին.ազ»-ի կամ այլ կայքի հերոս չդառնալու համար ցանկալի կլինի, որ չճշտված տեղեկություններ հրապարակելուց զերծ մնալ»,-ասաց փոխնախարարը։