Դժվար չէ՞ վարչապետի ենթակայության տակ աշխատելը. Մանուկյանը՝ ՊՆ փոխնախարարին

Երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով պատգամավորի այն հարցին, թե ե՞րբ է Հայաստանը տեղյակ եղել, որ պատերազմ կարող է սկսվել, պատասխանել է՝ պատերազմից 1-2 օր առաջ, իսկ 2020-ի դեկտեմբերի 16-ին հայտարարել էր, թե մինչև վերջին օրը, նախավերջին օրը գնահատականը եղել է այն, որ պատերազմ չի սկսվի: Այս մասին խորհրդարանում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը և հարց ուղղեց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանին.

«Դժվար չէ՞ ամեն րոպե 180 աստիճանով տարբեր խոսքեր ասող վարչապետի ենթակայության տակ պաշտպանության փոխնախարար աշխատելը»:

Արման Սարգսյանն պատասխանեց, որ դժվար չէ, ավելին՝ շատ հեշտ է Փաշինյանի հետ աշխատելը.

«Ես աշխատել եմ նաև ուղիղ ենթակայության տակ՝ որպես ոստիկանության պետ: Կարող եմ ասել՝ դժվար չէ, ավելին՝ ինձ համար համարում եմ պատմական հնարավորություն՝ մասնակցելու Հայաստանի Հանրապետության կերտմանը: Կարող եմ իմ նախորդ աշխատանքից ասել, որ

Ոստիկանությունն ունեցել է լիարժեք ազատություն՝ առանց ճշտելու, ստուգելու՝ քաղաքական մեծամասնությունը համաձա՞յն է, դուր կգա, դուր չի՞ գա, անկաշկանդ գործել է օրենքի առջև բոլորի հավասարության կարևորագույն խնդիրը լուծելու տրամաբանությամբ»,-ասաց Արմեն Սարգսյանը:

«Հալալ է ձեր ներվերին»,-արձագանքեց Գեղամ Մանուկյանը: