ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էդ ոչ համարս գիտեք, ոչ ընդունարանի համարը, բա եկե՛ք խոսենք. Փաշինյանը` ընդդիմադիրներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց այն, որ պատերազմի շեմում ենք, զեկուցվել է շատ պարբերաբար:

«Օրինակ, 2011 թվականի Կազանյան փաստաթղթի չստորագրումից հետո ու 2018 թվականին իմ վարչապետ դառնալուց հետո էլ այդպիսի զեկույցեր եղել են պարբերաբար, որ տեղեկություններ կան՝ Ադրբեջանը նախապատրաստվում է պատերազմի: Այս ամբիոնից Սերժ Սարգսյանի հայտարարությունն էլ է եղել, ինքն ասել է՝ մենք ցանկացած պահի պետք է սպասենք պատերազմի», - ասաց նա:

Փաշինյանը նշեց՝ երբ Հայաստանը կատարյալ խաղաղ վիճակում է, մեկ էլ տեղեկություն է գալիս, որ պատերազմը հնարավոր է ու կարմիր բոլոր լույսերը վառվում են:

«Երբ պատերազմը հնարավոր է ու անընդհատ հնչում են հայտարարություններ, որ հեսա ռազմական ճանապարհով Ղարաբաղի հարցը լուծվելու է, պատերազմի մասին տեղեկությունները դառնում են սովորական լրահոսի նման մի բան», - ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ամեն օր էլ եղել է տեղեկություն, որ պատերազմը հնարավոր է:

Նա նշեց, որ նախկին իշխանությունն է Արցախին բանակցային սեղանից դուրս թողել:

«Որ ասում եք՝ Արցախի 72 տոկոսը օկուպացված է, բա կներեք, որ այդ 72 տոկոսը ձեր օրոք բանակցային սակարկության առարկա էր, դուք դրա մասին գիտեիք, ինչո՞ւ ձայն չէիք հանում», - նշեց Փաշինյանը:

Նա ասաց, թե պատերազմը կանգնեցնելու գինը բոլոր տարածքները վերադարձնելու համաձայնություն տալն էր:

«Եթե դուք հիմա ասում եք, որ 72 տոկոսը օկուպացված է, դուք, ուրեմն, 1998 թվականից մինչև 2016 թվականը բանակցելիս եք եղել հայրենիքի 72 տոկոսը հանձնելու մասին: Հերիք եղավ, բոլ եղավ, հա՞, դավադրություն, դավադրություն», - դիմելով Դաշնակցությանը՝ ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիրներին հրավիրեց խոսելու:

«Եղբայր, խոսանք, ո՞վ է խոսելուց հրաժարվել: Հաճույքով, նստենք, խոսենք», - հայտարարեց վարչապետը:

Փաշինյանը երաշխավորեց, որ լրիվ ուրիշ խոսակցություն է գնալու՝ լրիվ ուրիշ տոնով:

«Ընդդիմադիր երկու խմբակցություններին ամբողջ կազմով հրավիրում եմ », - ասաց վարչապետը:

Քաղաքականություն