«Հոկտեմբերի 27»-ի գործի նոր քննության շրջանակում հարցաքննվել են մեկ տասնյակից ավելի անձինք, այդ թվում` այժմ անազատության մեջ գտնվողները. Աբրահամյան

«Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված և կարճված մասով նոր քննության շրջանակում հարցաքննության են ենթարկվել մեկ տասնյակից ավելի անձինք, այդ թվում` «Հոկտեմբերի 27»-ի գործով դատապարտված և այժմ անազատության մեջ գտնվող բոլոր անձինք։ Տեղեկությունը Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
 

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը զոհ դարձած ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանն ու նրա փաստաբանը 2019 թվականին դիմում էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին` «Հոկտեմբերի 27-ի» գործին առնչվող կազմակերպիչների, դրդիչների մասով քրեական գործի կարճված վարույթը վերսկսելու նպատակով, և այդ դիմումը բավարարվել էր այն հիմքով, որ վարույթը կարճելու որոշումը կայացնելու ժամանակ Բախշյանի իրավունքները խախտվել էին, և նա հնարավորություն չէր ունեցել ծանոթանալու գործի նյութերին ու դիրքորոշումներ ներկայացնելու որպես տուժողի իրավահաջորդ։
 

Քննությունն այդ հիմքով վերսկսվել էր, որից հետո գործի քննությունը հանձնարարվել էր ԱԱԾ քննչական դեպարտամենտին։ Դրանից հետո գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարություն էր ուղարկել ԱԱԾ` կոնկրետ ուղղություններով անհրաժեշտ օպերատիվ–հետախուզական միջոցառումներ իրականացնելու համար։ Գործի քննությունը վերսկսվել էր, ձևավորվել քննչական խումբ, մշակվել քննչական պլան։

«Տեղի են ունեցել մեծաքանակ փաստաթղթերի առգրավումներ, արդեն ավարտված գործով դատական դեպարտամենտի արխիվից առգրավվել են քրեական գործին առնչվող նյութեր, առգրավվել են նաև գործին կից ձայնագրություններ, որոնք ուղարկվել են փորձաքննության»,– ասաց Աբրահամյանը։
 

Նրա խոսքով` մի քանի վարկածների քննությունը չի ընթանում կոնկրետ մեկ ուղղությամբ, և հիմնական խնդիրը հոկտեմբերի 27-ի ոճրագործությանն այլ անձանց, դրդիչների հնարավոր մասնակցության պարզումն է, նաև սպանությունների ժամանակ կիրառված ապօրինի զենք–զինամթերքի հետ առնչություն ունեցող անձանց շրջանակի պարզումը, ինչպես նաև այն պաշտոնատար անձանց գործողությունները, որոնք պարտավորություն ունեին ի պաշտոնե կանխելու, թույլ չտալու նման զարգացումները։
 

«Բոլորի գործողություններին պետք է տրվեն կոնկրետ իրավական գնահատականներ»,– ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը։


Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ