ԱԺ-ում չի եղել նիստ, որտեղ որոշվեր՝ Չարչյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալիս են, թե ոչ. Վարդևանյան

Արմեն Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը չի համապատասխանում նրա առողջական վիճակին։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ հավելելով, որ Առողջապահության նախարարն էլ, իմանալով Արմեն Չարչյանի դերն առողջապահության ոլորտում, անգործության է մատնված։ 

«Եվրոպական բոլոր կառույցներին տրամադրել ենք ամբողջական տեղեկատվություն։ Նույնիսկ դեպսանների հետ մեր հանդիպումների ժամանակ տեղեկացնում ենք այդ մասին, և որոշակի համաձայնության տարրեր ենք ստանում այդ անձանցից, որ իրականում Արմեն Չարչյանի նկատմամբ տեղի է ունենում քաղաքական հետապնդում։ Այսինքն ինչ է անձն ընդդիմադիր դիրքերից է հանդես եկել, նրան պետք է ամեն կերպ կալանքի տակ պահե՞ն»,-նշեց Արամ Վարդևանյանը։

Նա նաև մատանանշում է այն հանգամանքը, որ խոսքը գնում է պատգամավոր Արմեն Չարչյանի մասին, իսկ ԱԺ-ում չի եղել նիստ, որտեղ որոշվեր՝ Արմեն Չարչյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալիս են, թե ոչ։

«Վստահ եմ, որ քննարկվում է նաև ՄԻԵԴ դիմելու տարբերակը։ Մեր կողմից սեղմ ժամկետներում դիմում էր ներկայացվել ՍԴ՝ պատգամավորի կարգավիճակի և պատգամավորի անձեռնմխելիությունը նման լկտի ձևով խախտելու վերաբերյալ։ ՍԴ-ն բավական արագ է նիստը նշանակել, խոսքը գնում է դեկտեմբերի 6-ի մասին։ Իրավապահները և այս պատամությանն առնչություն ունեցող սուբյեկտները չե՞ն պատկերացնում հետևանքը, եթե ՍԴ-ն արձանագրի այն պարզ ճշմարտությունը, որ չէին կարող նման գործողություններ անել»,-նշեց պատգամավորը։

Վերջինս ընդգծեց, որ այս իշխանությունները պատանդի կարգավիճակով պահում են Արմեն Չարչյանին. «Շատ պաշտոնյաների ուզում եմ հիշեցնել, որ իրենց խղճին է մնալու այս ամենը։ Նրանք 3 տարվա մեջ արդեն ունեցել են դեպք, խոսքը Մանվել Գրիգորյանի մասին է»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ Արմեն Չարչյանին մեկ անգամ գրեթե կոմայի վիճակում են տեղափոխել բուժհաստատություն։

Քաղաքականություն