Ամենաէական հարցերը փորձաքննությունից դուրս են մնացել . Տոնոյանի պաշտպան

Նախաքննական մարմինը մինչ օրս ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին արգելում է տեսակցել և հեռախոսազրույցներ ունենալ քննչական մեկուսարանում: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։

Այդ սահմանափակումները տարածվում են նաև Տոնոյանի բարեկամների և հարազատների վրա։ Փաստաբանն ընդգծեց` սահմանափակումները դրված են եղել դեռևս քննության սկզբնական փուլից։ Այդ որոշումը պաշտպանների կողմից չի բողոքարկվել, որպեսզի չմեկնաբանվի որպես քննությանը խոչընդոտելու միջոց։ Այդ հարցը քննարկվել է նաև Դավիթ Տոնոյանի հետ, և նա նույնպես իր հավանությունն է տվել։

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը նույնպես դադարեցրել է Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործով փորձաքննությունները: Դադարեցվել են զինամթերքի ապրանքագիտական և պայթյունատեխնիկական փորձաքննությունները, որոնց գնումը քրեական հետապնդման պատճառ է դարձել:

Պաշտպանական կողմը հրթիռների պիտանելիության փորձաքննության հետ կապված ընդգծեց, որ այն նշանակված էր դեռևս հուլիս ամսին, սակայն այդ որոշումը թողնվել է անկատար, ինչի պատճառն իրենց համար անհայտ է։

«Միջնորդություն ենք ներկայացրել քննիչին պարզաբանում ստանալու համար, որպեսզի հասկանանք, թե ինչ ծանրակշիռ փաստերի հիման վրա է նման որոշում կայացվել։ Պատասխան դեռ չենք ստացել»,– նշեց Հովհաննիսյանը և հավելեց` իրենք պահանջում են, որպեսզի փորձաքննությունն ամբողջական լինի։

Նա ընդգծեց, որ փորձաքննությունից դուրս են մնացել ամենաէական հարցերը և դրա մեջ ներառվել են միայն տեխնիկական հարցեր։

Ավելի վաղ պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի փորձաքննությանը մասնակցեն նաև իրենք ու հենց Դավիթ Տոնոյանը։

 

Խոսելով խափանման միջոցի մասին` Հովհաննիսյանը նշեց, որ իրենք Վերաքննիչ դատարանից հիմնազուրկ որոշում են ստացել, որը կբողոքարկեն Վճռաբեկ դատարանում։ Փաստաբանն ընդգծեց, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից կա նաև մի քանի գործողություն, որոնք բողոքարկվել են։

Քաղաքականություն