
Հայաստանն անցել է դիվանագիտական հակահարձակման. Ինչ է գրում ռուսական Коммерсантъ-ը

Հայաստանն աննախադեպ դիվանագիտական ակտիվություն է սկսել դրսևորել՝ ձգտելով ապացուցել, որ ղարաբաղյան հակամարտության պատմություն ավարտված չէ: Այս մասին գրում է «kommersant.ru»-ն։
Ըստ լրատվականի գլխավոր քայլերից մեկն այդ ճանապարհին դարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հոկտեմբերի 12-ի այցը Մոսկվա:
Պարբերականը նշում է, որ հայկական պետական կառույցների իր աղբյուրը մասնավորեցրել է, որ առաջնորդների զրույցը մոտ երեք ժամ է տևել, իսկ «օրակարգում ներառվել են տարածաշրջանային անվտանգության հարցերը՝ Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սրման ֆոնին, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը՝ երեք երկրի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և այս տարվա հունվարի 11-ի պայմանավորվածությունների շրջանակում:
«Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքում Երևանում ակնկալում են դրական տեղաշարժեր Հայաստանին հուզող հարցերի շուրջ»,- գրում է պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրին:
«Վերջերս կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո ԱԳՆ-ն և պաշտպանության նախարարությունն սկսել են ակտիվ աշխատել: Նրանք ձգտում են ստանալ Իրանի, Հնդկաստանի և Ռուսաստանի աջակցությունը Հյուսիս-Հարավ միջանցքի ստեղծման հարցերով, որն այլընտրանք է ադրբեջանական այսպես կոչված՝ Զանգեզուրի միջանցքին, որը կոչված է ցամաքային կապ հաստատելու Ադրբեջանի հարավային շրջանների և Նախիջևանի անկլավի միջև»,- պարզաբանել է պարբերականի աղբյուրը:
Աղբյուրն ընդգծում է նաև Իրանի հետ կապերը, որին «Հայաստանում ընդունում են որպես դաշնակցի Ադրբեջանի դեմ դիմակայության գործում»:
«Իրանը հարևանների հետ հարաբերություններում ղեկավարվում է բարի դրացիական քաղաքականությամբ, միևնույն ժամանակ երբեք թույլ չի տա ահաբեկիչների տեղակայումը երկրի սահմանների երկայնքով»,- պարբերականը հիշեցնում է Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնտազերիի խոսքը, որով նա հանդես է եկել Երևանում:
«Կոմերսանտ»-ի հետ զրույցում իրանագետ Վարդան Ոսկանյանը նշել է, որ Իրանը և Ռուսաստանը այն քիչ թվով երկրներից են, որոնք դեռ 44-օրյա պատերազմի ընթացքում խոսել են Ղարաբաղում ահաբեկիչների ներկայության մասին, որոնք մարտական գործողությունների էին մասնակցում Ադրբեջանի կողմից:
Ինչպես աղբյուրը նկատում է, չի բացառվում, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում ի հայտ եկած ճգնաժամը շուտով կնվազի: Համենայն դեպս, երկրների ԱԳ նախարարները արդեն շփում են ունեցել և քննարկել են առկա խնդիրները: