
Ցանկացած որոշում՝ հօգուտ Դավիթ Տոնոյանի, պետք է մեկնաբանվի որպես գործարքի արդյունք. Մելիքյան

Փաստացի հրապարակային գործարք է առաջարկվել։ Այս պահից սկսած ցանկացած որոշում կամ գործողություն հօգուտ Դավիթ Տոնոյանի՝ պետք է մեկնաբանվի որպես գործարքի արդյունք։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խմբի տարածած հաղորդագրությանը։
Նկատենք, որ այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Դավիթ Տոնոյանի փաստաբանական թիմը հայտարարել է, որ Տոնոյանը տիրապետում է տեղեկատվության մեծ ծավալի, սակայն այն չի օգտագործում հանրային տիրույթում սեփական պաշտպանության համար: Ըստ փաստաբանների՝ Տոնոյանը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից՝ հաշվի առնելով պետական գաղտնիքը, ՀՀ ազգային անվտանգության եւ միջպետական հարաբերությունների շահերը, սակայն միաժամանակ նշել են, որ Տոնոյանը պայքարելու է հանուն արդարության, իր անմեղության եւ բարի համբավի վերականգման համար
Ռուբեն Մելիքյանը լրատվականի հետ զրույցում նախ ընդգծեց, որ այս հայտարարությունը պետք է վերագրել ուղիղ ձևով Դավիթ Տոնոյանին, փաստաբանները տվյալ դեպքում հանդես են գալիս ներկայացնողի դերում և անգամ կարելի է մոռանալ փաստաբանների գործոնը, դա Դավիթ Տոնոյանի խոսքն է։ Ըստ իրավապաշտպանի՝ պետք է հասկանալ, թե ինչ ընթացք է ունենալու այս գործով վարույթը, այս պահից սկսած ցանկացած որոշում կամ գործողություն հօգուտ Դավիթ Տոնոյանի, կարող է և պետք է ընկալվի որպես գործարքի արդյունք։
Ինչ վերաբերում է տեղեկություն հրապարակելուն կամ չհրապարակելուն, ապա ըստ Մելիքյանի, եթե դա հրապարակման ենթակա է, պետք է վաղուց հրապարակեր, եթե հրապարակման ենթակա չէ, ապա երբեք իրավունք չունի հրապարակելու։
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ տեղեկատվության տիրապետելուն և չհայտնելուն ևս կարող է քրեաիրավական գնահատական տրվել, իրավապաշտպանը նկատեց, որ դա կարող է որոշակի քրեական դատավարության առարկա հանդիսանալ, սակայն դա երկրորդական բնույթի խնդիր է։ Անդրադառնալով այն հանգամանքին, որ քրեական գործը վերաբերում է ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանի պաշտոնավարման տարիներին և, չի բացառվում, որ վերջինս ևս հնարավոր է, որ տեղեկացված լիներ գործարքից, մինչդեռ՝ գործով չունի մեղադրյալի կարգավիճակ, Մելիքյանը նշեց, որ քրեական վարույթների առանձնահատկությունն այն է, որ տեղեկատվությունը պաշտպանված է լինում նախաքննական գաղտնիքի ինստիտուտով, իսկ այս դեպքում դրան գումարվում է նաև պետական գաղտնիքի ավելի խիստ ռեժիմը և այդ տեսանկյունից կարելի է ընդամենը ենթադրություններ և կռահումներ անել։
«Ողջամիտ է ենթադրելը, որ Դավիթ Տոնոյանին վերագրվող արարքների կապակցությամբ որոշակի հարցեր պետք է լինեն նաև ներկայիս ԳՇ պետի հասցեին, սակայն դա ընդամենը ենթադրություն կարող է դիտվել, որովհետև տեղեկատվությունը հանրության առջև անհրաժեշտ չափով բացահայտված չէ»,- ասաց Մելիքյանը։
Դիտարկմանը, որ պատերազմի ավարտից հետո շատերը սպասում էին, որ գեներալները կխոսեն, բացահայտումներ կլինեն պատերազմի և պարտության իրական պատճառների մասին, մինչդեռ տեսնում ենք, որ զինվորականները լռում են, Մելիքյանը նշեց, որ պարտությունն ուներ երկու թևեր՝ դիվանագիտական և ռազմական։
«Եթե դիվանագիտության մեջ կարող ենք ասել, որ ամբողջ ծավալով՝ 100 տոկոսով և ավելին ողջ պատասխանատվությունն անձամբ Նիկոլ Փաշինյանի ուսերին է, ապա ռազմական ոլորտում այդ պատասխանատվությունը և դրա հետ մեղքը ողջ ծավալով կիսում է նաև ռազմական ղեկավարությունը, հետևաբար, ակնկալել, որ իրենք ինքնախոստովանական ցուցմունքներ են տալու՝ խոսելով թե՛ իրենց հանցանքների, թե՛
Նիկոլ Փաշինյանի հանցանքների մասին այդքան էլ ողջամիտ չէ» ,- եզրափակեց Մելիքյանը։