Ադրբեջանի հետ սահմանին իսրայելցիներն են. Իրանի Գերագույն առաջնորդ
                                        
                                        
                                        
                                    «Մեր տարածաշրջանի երկրները չպետք է թույլ տան օտարերկրյա բանակներին ներկա գտնվել կամ միջամտել իրենց գործերին: Պատրանք է նրանց կողմից անվտանգության ապահովման վրա հենվելը: Եւ նրանք, ովքեր ունեն այդ պատրանքը, առաջիկայում կարժանանան ապտակի, քանի որ ուրիշ երկրների ուղիղ կամ անուղղակի միջամտությունը կվերածվի աղետի», - հայտարարել է  Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլա Խամենեին ռազմական ինստիտուտի շրջանավարտների առջեւ իր ելույթի ժամանակ ու նշել, որ երկիրը կոշտ պատասխան կտա տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայության դեպքում, հաղորդում է IRNA-ն: 
 
Նա նաեւ հավելել է, որ Իրանի հարեւանների բանակը կարող են ապահովել իրենց անվտանգությունը տարածաշրջանում, եւ բնութագրել է օտարերկրյա ուժերի ներկայությունը որպես «տարաձայնությունների աղբյուր»: 
Բացի այդ, Իրանի Սահմանային ծառայության ղեկավար գեներալ Ահմադ Ալի Գուդարզին հայտարարել է, որ իսրայելցիները գտնվում են Ադրբեջանի հետ սահմանների երկայնքւոմ, սակայն նրանց ստույգ թիվը հայտնի չէ, հաղորդում է Mehr-ը: 
«Իսրայելցիները գիտեն, որ Իրանի զսպող ուժն այնպիսին է, որ նրանք չունեն օպերատիվ ուժ մեր սահմաններին: Նրանք կարող են միայն հրահրել տարածաշրջանի երկրներին փոխել իրենց սահմանները, արգելել բեռնատարների մուտքն ու բարձրացնել մուտքի համար գանձվող վճարների չափը»,-ասել է իրանցի գեներալը՝ հավելելով, որ տարածաշրջանի բոլոր երկրներից իսրայելցիներն առավել ակտիվ են Ադրբեջանում: 
 
                        





























