Ադրբեջանի հետ հնարավոր շփումների մասին է Ալեն Սիմոնյանը խոսել ռուսական «РБК»-ի եթերում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակում բացառիկ հարցազրույց է տվել ռուսական «РБК» հեռուստաընկերությանը: Իլյա Դորոնովի հետ ծավալուն զրույցի ընթացքում Ալեն Սիմոնյանն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային բնույթին, ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, խոսել տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված քայլերի եւ 44-օրյա պատերազմի հաղթահարման ուղիների մասին: 

Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է՝ հայկական կողմը ռազմական լուծումների կողմնակից չէ, հարցերը պետք է խաղաղությամբ լուծվեն:  

ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը մասնակի կրճատումներով ներկայացրել է հարցազրույցից հատվածներ.  

ԱԺ նախագահի հետ զրույցում հաղորդման հեղինակը հետաքրքրվել է մեր երկրում պատերազմի հետեւանքների հաղթահարման մասին: 

«Դժվար է ուշքի գալ, երբ ամեն օր տեղեկանում ենք ռազմագերիների մասին, երբ հարազատները սպասում են իրենց երեխաներին, եղբայրներին, ամուսիններին: Շատ դժվար է, երբ տարածաշրջանում ամեն ամիս Թուրքիան եւ Ադրբեջանը զորավարժություններ են անցկացնում բառացիորեն մի քանի կիլոմետր հեռավորության վրա»,-ընդգծել է Հայաստանի խորհրդարանի ղեկավարը: 

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին եւ Ադրբեջանի հետ հնարավոր շփումներին՝ ԱԺ նախագահը փաստել է. «Չափազանց դժվար է պատկերացնել երկու ժողովուրդների խաղաղ գոյակցությունը մի իրավիճակում, երբ, օրինակ, Բաքվում կառուցում են, այսպես կոչված «ռազմավարի պուրակներ», ցուցադրվում են վառվող կամ զոհված հայ զինվորների մանեկեններ»: 


Մտքեր են փոխանակվել նոյեմբերի 9-ի հայտարարության եւ դրան հաջորդած ժամանակահատվածի  իրադարձությունների շուրջ: ԱԺ նախագահը խոսել է Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքի, այդ երկրում պահվող հայ ռազմագերիների ու գերեւարված եւ անհետ կորած անձանց անհապաղ վերադարձի մասին: 

«Ադրբեջանի զինվորները Հայաստանի տարածքում են: Մենք առաջարկեցինք հայելային հետ քաշվել, մինչեւ սահմանազատմամբ հստակեցնենք սահմանագծերը, սակայն ադրբեջանական կողմը դեռ չի արել դա: Սրանք կարեւորագույն հարցերն են գերիների վերադարձի հետ մեկտեղ»,-ասել է Ալեն Սիմոնյանը: 

Անդրադարձ է կատարվել նաեւ հետպատերազմական Հայաստանին եւ քաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված արտահերթ խորհրդարանական ընտրություններին: 

 

Քաղաքականություն