Սաակաշվիլիի վիճակը օր օրի վատթարանում է, 8 օրում նիհարել է 12կգ․ փաստաբան
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը հացադուլ է հայտարարել հայրենիքում ձերբակալվելուց հետո, 8 օրում նիհարել է 12 կգ-ով: Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր լրագրողներին հայտնել է փաստաբան Բեքա Բասիլայան:
«Եթե նրան նայենք, երևում է, որ մարդը նիհարել է: Որքանով տեղյակ եմ, նիհարել է մոտ 12 կգ-ով: Նրա առողջական վիճակն օրեցօր կսկսի վատթարանալ, եթե դեռ չի վատթարացել: Բարոյապես նա ուրախ է»,- ասել է Բասիլայան բանտում Սաակաշվիլիին այցելելուց հետո:
Փաստաբանի տեղեկություններով՝ Սաակաշվիլին նախկինի պես զրկված է հեռախոսազրույց կատարելու իրավունքից: Դատախազության կողմից այս սահմանափակումը Բասիլայան անօրինական է համարում:
Վերջինս հավելել է, որ նրա մոտ արդեն հեռուստացույց կա, հավելյալ ներքնակ էլ են տրամադրել: Նրա տվյալներով՝ երկուշաբթի Սաակաշվիլիի հետ կարող են հանդիպել ծնողներն ու երեխաները:
Այսօր գործչի հայրը՝ Նիկոլազ Սաակաշվիլին սոցցանցերի միջոցով դիմել է որդուն՝ կոչ անելով դադարեցնել հացադուլը:
Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալել են հոկտեմբերի 1-ին, երբ վերջինս վերադարձել է Վրաստան՝ երկրում հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր ուժերին աջակցելու համար: Նախկին նախագահին երկրում հեռակա կարգով դատապարտել էին պատգամավորին ծեծի ենթարկելու և բանկիրի սպանության կազմակերպման համար: Բացի այդ, նրան մեղադրանք է ներկայացվել ևս մի քանի գործով, այդ թվում՝ պետական միջոցները մսխելու, լիազորությունների չարաշահման և երկրի սահմաննն ապօրինաբար հատելու համար: