Երբ «Մոդեռնա» պատվաստանյութը կլինի պոլիկլինիկաներում ու ամբուլատորիաներում
«Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը դժգոհություն արտահայտեց, ինչը տեղին է, ամեն ինչ պետք է անենք, որ պատվաստման ցուցանիշները հասցնենք մեր թիրախային կետերին»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշեց, որ վարչական և օրենսդրական փոփոխություններն արված են, առաջիկայում էլ կտեսնեն, թե ինչ լրացուցիչ միջոցներ պետք է կիրառեն, որպեսզի քաղաքացիները պատվաստման ընթացքին ավելի ակտիվ մասնակցեն։
Հարցին՝ հնարավո՞ր է պարտադիր պատվաստման համար օրենք ընդունվի ինչպես նշեց Նիկոլ Փաշինյանը, Ա. Ավանեսյանը պատասխանեց, որ պարտադիր պատվաստման օրենսդրական հնարավարություն արդեն իսկ ունեն, նորն ընդունելու որևէ խնդիր չունեն։
«Բնակչության սանիտարահամաճարակային պաշտպանության մասին օրենքով հստակ պարտադիր պատվաստումների կետը նախատեսված է, բայց հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել սահմանափակումների որոշակի փաթեթ։ Առաջիկայում էլ կտեսնենք, թե լրացուցիչ ինչպիսի միջոցներ պետք է կիրառենք, որ պատվաստումների գործընթացն արագանա»,- ասաց նախարարը։
Նա հայտնեց, որ բնակչության 14 տոկոսն արդեն իսկ ստացել է առաջին դեղաչափը, իսկ եվրոպական մի շարք երկրներ արդեն 90 տոկոսից ավելի պատվաստում են իրականացրել։
Նախարարը նշեց, որ այսօր կառավարության կողմից հատկացված 2,3 միլիարդ դրամն ուղղվելու է կորոնավիրուսային հիվանդությամբ քաղաքացիների բուժմանը։
Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ այսօրվանից սկսվել է «Մոդեռնա» ընկերության պատվաստանյութի բաշխման գործընթացը, վաղվանից պոլիկլինիկաներն ու ամբուլատորիաները այն կունենան։ Նա նշեց, որ ստացած 50 հազար դեղաչափը հաշվարկված է 25 հազար հոգու համար։
Նախարարը նաև անդրադարձավ հասարակական տրանսպորտին՝ նշելով, որ տրանսպորտային միջոցներում սահմանված կանոնների հետևումը բավարար չէ, խնդրեց իր գործընկերներին ավելի մեծ ուշադրություն դարձնել այս ոլորտում կանոնների պահպանման վերահսկողությանը։
Օրեր առաջ լրատվամիջոցներից մեկը հոդված հրապարակեց, որում նշված էր, որ 2021 թվականի ապրիլին Բաքվից Երևան ժամանած գերիներին վերադարձնող օդանավը, որը, ինչպես ավելի ուշ հայտնեցին՝ դատարկ էր եղել, քանի որ բանակցությունները չէին հաջողվել: Լրատվամիջոցի տեղեկություններով՝ այդ օրը Բաքվից Երևան ժամանած օդանավով խոշտանգված դիեր են բերվել։ Լրագրողներն Ավանեսյանին հարցրեցին, թե արդյո՞ք տեղյակ է այդ դեպքից, և արդյո՞ք այդ օրը խոշտանգված դիեր ուղարկվել են Հերացու դիահերձարան: «Դուք երևի նկատի ունեք Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը․ որևէ դի մուտք չի եղել, որևէ տեղեկություն չունեմ»,- պատասխանեց Անահիտ Ավանեսյանը: