
Հայաստանով դեպի Նախիջևան թռիչքի վերաբերյալ հայ հասարակությունը մտահոգված է, իսկ Քաղավիացիան՝ լուռ

«Ադրբեջանական ավիաուղիներ» ավիափոխադրողը հայտարարել է, որ հոկտեմբերի 6-ից օգտագործելու է Հայաստանի օդային տարածքը՝ Բաքվից Նախիջևան ուղևորափոխադրումներ իրականացնելու համար:
«Այսուհետ AZAL-ն այս չվերթն իրականացնելիս կարող է օգտագործել առկա բոլոր օդային միջանցքները, այդ թվում` Հայաստանի և Իրանի տարածքներով անցնողները»,-նշել է ավիաընկերությունը:
Հասարակության շրջանում լայն քննարկումների ալիք է բարձրացել։ Փորձագիտական շրջանակները ահազանգում են, որ հայտարարության մեջ նշված չէ, որ Հայաստանը թույլատրել է թռիչքները, այլ ասվում է, որ ավիաընկերությունը օգտագործելու է ինչպես Հայաստանի, այնպես էլ Իրանի օդային տարածքը։ Հասարակության շրջանում քննարկվում է նաև այն հարցը, թե ինչու է Իրանի երեկվա սահմանափակումների ֆոնին Հայաստանն այս թռիչքները թույլատրում։
Պետք է արձանագրել, որ խոսքը ուղևորափոխադրումների մասին է և ոչ թե ռազմական տեխնիկայի, ինչպես նաև հաշվի առնել այն փաստը, որ նույն ընկերությունը թռիչքներ կատարելու է նաև Իրանի տարածքով։
Հենց այս ամենի մասին պարզաբանում ստանալու համար Auroranews.am-ը փորձում է կապ հաստատել Քաղավիացիայի կոմիտեի հետ, սակայն ոչ մամուլի բաժնի և ոչ էլ կառույցի այլ աշխատակիցների հետ կապ հաստատել դեռ չի ստացվում։ Հավելենք նաև, որ այս լուրի վերաբերյալ պաշտոնական արձագանք ևս Քաղավիացիան դեռ չի տվել։
Հիշեցնենք, որ դեռ սպտեմբերի 9-ին Auroranews-ը կապ էր հաստատել Քաղաքացիական ավիացիայի Օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչության պետ Դավիթ Սարուխանյանի հետ՝ կապված թուրքական ավիափոխադրողի կողմից Հայաստանո դեպի Նախիջևան թռիչքների մասին։
Սարուխանյանը, անդրադառնալով հարցին, թե ինչու ենք մենք թույլ տալիս մեր օդային տարածքով թռիչքներ կատարել, ինչպես է այդ գործընթացքը կարգավորվում մեզ մոտ, նշեց` Հայաստանը առաջնորդվում է Չիկագոյի կոնվենցիայի դրույթներով, որի համաձայն անդամ պետությունները հիմնավորված չեն կարող օդային տարածք փակել, հետևապես Հայաստանի օդային տարածքը բոլորի համար բաց է: