Բաց երկնքի քաղաքականություն է, որը ընդունվել է 2013 թվականին․ ավիացիայի խորհրդատուն մանրամասներ է հայտնում

Ավիացիայի խորհրդատու, ավիացիոն աուդիտոր Նավիկ Խաչատրյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի օդային տարածքն օգտագործելը բաց երկնքի քաղաքականության մեջ է տեղավորվում։

Նա նշեց, որ չնայած նավիգացիան այլ մասնագիտություն է, բայց ինքը կարող է ասել, որ Ադրբեջանի կողմից մեր օդային տարածքի օգտագործումը բաց երկնքի քաղաքականության հետևանքն է։

 

«Բաց երկնքի քաղաքականությունն ընդունվել է 2013 թվականի հոկտեմբերի 23-ին, որտեղ Եվրոպան պարտադրել է, ինչպես ամբողջ Եվրոպայի տարածքում բոլոր պետությունները ստիպված են իրենց օդային տարածքը բաց պահել, այնպես էլ այստեղ։ Եթե առաջ ամեն երկրի օդային ծառայությունների պայմանագրերը միջպետական ձևով էին, այսինքն երկու պետությունների միջև էին լուծվում և ամեն կողմից նշանակվում էր փոխադրող, երրորդ, չորրորդն էլ չէր կարող խառնվել, հիմա այս թույլտվությունները, որ տալիս են, ամենայն հավանականությամբ այս բյուրոկրատիան վերացնելու համար բոլոր երկրներն անցնում են բաց երկնքի քաղաքականության։ Ընդամենը մի հայտ են ներկայացնում, որ մենք ուզում ենք այս ինչ տեղից, այս ինչ տեղը և այդ օդային ճանապարհն անցնում է ձեր երկրի օդային տարածքով՝ դու իրավունք չունես այդ թույլտվությունը չտալ, քանի որ դու ստորագրել ես բաց երկնքի մասին պայմանագիրը՝ 2013 թվականին վարչապետ Տիգրան Սարգսյանի ժամանակ է դա արվել»,-ասաց Խաչատրյանը։

Ավիացիոն խորհրդատուն ասաց, որ երբ իրենք գնացել են բողոքելու այս պայմանագիրը ստորագրելու դեմ, Սարգսյանը հեռացրել է նրանց իր աշխատասենյակից, հայտարարելով, որ եվրոպական ավիաընկերություններ կմտնեն Հայաստան, ավիատոմսերի գները կիջնեն ու մասնագետների բարձրաձայնած մտահոգությունները, որ կա ազգային անվտանգության խնդիր, որ հայկական ավիացիան պարզապես չի դիմանա եվրոպական զարգացած ու հզոր ավիաընկերությունների հետ մրցակցությանը, Տիգրան Սարգսյանը վերջիններիս խորհուրդ է տվել գնալ ու իջեցնել ավիատոմսերի գները։

 

«Այդ ժամանակ մի ավիաընկերություն կար՝ Էյր Արմենիան, բայց դա սննկացավ 2014 թվականին։ Այնքան եմ գրել մեր մտավախությունների մասին, սակայն այդպես էլ ականջալուր չեղան»,- նշում է Նավիկ Խաչատրյանը։

Նա շեշտում է, որ եթե լիներ երկրի հայրենասեր ղեկավար, ապա իր համար միևնույն կլինեին, թե Թուրքիան, թե Ադրբեջանը ու եթե իր երկրի տարածքի վրայով անցներ կարգո օդանավ, որի մեջ ամենայն հավանականությամբ զենքեր էին տեղափոխում, որպեսզի հետո դրանցով մեր երիտասարդ տղամարդկանց սպանեին, ապա նաև ձեռք կառներ օդային տարածքի պաշտպանության բոլոր միջոցները։

«Եթե Ադրբեջանից կամ Թուրքիայից կարգո օդանավ մտներ մեր երկինք, հայկական ռազմաօդային ուժերի կործանիչները երկինք կբարձրանային ու կիջեցնեին այդ օդանավը մեր երկու օդանավակայաններից մեկը, կձերբակալեին անձնակազմին մինչև որ ստուգվեր օդանավն ամբողջությամբ։ Եթե զենք չհայտնաբերվեր՝ թող գային իրենց օդաչուներին տանեին, իսկ եթե հայտնաբերվեր, ապա համապատասխան կառույցներ կարող էինք դիմել այս մասով, որպեսզի վերջիններս էլ իրենց գործառույթները կատարեին»,- նշում է Նավիկ Խաչատրյանը։

Ավիացիոն աուդիտորը նշում է, որ Ադրբեջանը կարող է նաև շրջանցել Հայաստանի օդային տարածքը, քանի որ մենք բավականին փոքր պետություն ենք և Ադրբեջանի համար խնդիր չի լինի այլ ճանապարհով տեղ հասնելը։ Նա նշում է, որ օրինակ Ուկրաինայի դեպքում, եթե որոշի ռուսական օդանավերի համար օդ փակել՝ դա թանկ կարժենա, քանի որ Ուկրաինայի օդային տարածքը բավականին մեծ է, սակայն Հայաստանի օդային տարածքը շատ փոքր է, հետևաբար դա լուրջ խնդիրներ չէր առաջացնի։

 

Խաչատրյանը նկատում է, որ Քաղավիացիայի ղեկավարը նշանակվում է Կառավարության ղեկավարի կողմից, հետևաբար այն կատարում է Կառավարության հրահանգները ու այս մասով կոմիտեից ակնկալել անկախ գործունեություն՝ զուր է։

Խաչատրյանը նշում է, որ այս հարցերը կարգավորվում են քաղաքականությամբ, ու երկրի իշխանությունների վարած քաղաքականությամբ էլ պայմանավորվում են իրողությունները նաև ավիացիոն բնագավառում։

Քաղաքականություն