
ՔՊ խմբակցության ղեկավարը՝ Անկախության օրը տոնակատարություն կազմակերպելու մասին

Իշխանությունը աչալրջորեն հետևում է պատերազմում նահատակված հերոսների հարազատների բոլոր հայտարարություններին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին նվիրված տոնակատարությունների կազմակերպման հետ կապված։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Գիտեք, որ այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակը։ Մենք որպես պետություն, չնայած անցնելով ծանր ու դժվարին ճանապարհով, ունենալով պատերազմի ծանր հետևանքներ, այնուհանդերձ, պետք է մեր մեջ ուժ գտնենք վերածնվելու, ոտքի կանգնելու, շարունակելու մեր պետականության ընթացքը։ Հանուն մեր ընկած հերոսների՝ մենք որպես հանրություն և պետություն, պարտավոր ենք մեր մեջ ուժ գտնելու ու շարունակելու մեր պայքարը»,- ընդգծեց Կոնջորյանը։
Պատգամավորի կարծիքով՝ նման միջոցառումներով իմաստավորվելու է անկախությունը, հարգանքի տուրք է մատուցվելու ընկած հերոսների հիշատակին, ովքեր կռվել են հանուն Արցախի, Հայաստանի և հայության։
«Եվ մենք պետք է ամեն բան անենք, որպեսզի նրանց նահատակությունը իմաստավորվի մեր պետության հզորությամբ և մեր ժողովրդի բարեկեցությամբ»,- հավելեց Կոնջորյանը։
Ըստ պատգամավորի՝ այս ընթացքում իշխանությունը առիթ չի տվել մտածելու, որ որևէ կերպ անտեսում է պատերազմում զոհվածների հիշատակը։
«Մենք հավուր պատշաճի հարգանքի տուրք մատուցել,մատուցում և մատուցելու ենք մեր զոհերի հիշատակին։ Դա մեր պարտավորությունն է»,- եզրափակեց նա: