
Որոշում կկայացվի ռուսական խաղաղապահ զորախմբի հետագա տեղակայման մասին․ Մուրադով

Արցախում ՌԴ խաղաղապահ զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը դրական է գնահատել ռուս խաղաղապահների աշխատանքը, հաղորդում Է ՏԱՍՍ-ը: Մուրադովը հայտնել է, որ այս պահին Լեռնային Ղարաբաղում կյանքն ընթանում է իր հունով, մշտապես լուծվում են բոլոր խնդիրները։
«ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեությունը միայն դրական եմ գնահատում։ Մեզ գնահատական է տալիս խաղաղ բնակչությունը։ Այսօր կյանքը Ղարաբաղում ընթանում է ամբողջ թափով։ Կան, իհարկե, շատ բարդ հարցեր, բայց գործընթացը շարունակվում է՝ մարդկանց վերադարձ, մի շարք խնդրահարույց հարցերի լուծում։ Այդ պատճառով, կարծում եմ, ամեն ինչ նորմալ կլինի»,- նշել է գեներալ-լեյտենանտը։
Մուրադովը ընդգծել է, որ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվելու են 5 տարվա ընթացքում, ինչպես և ենթադրում է երեք պետությունների ղեկավարների ստորագրած հայտարարությունը:
«Հետագայում որոշում կկայացվի ռուսական խաղաղապահ զորախմբի հետագա տեղակայման մասին»,- ասել է նա ՏԱՍՍ գործակալությանը:
Ռուստամ Մուրադովն ավարտել է իր առաքելությունը՝ որպես Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատար։ Տարածաշրջանում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը: