Պարզվել է Կոտայքի դանակահարության ու կրակոցների պատճառը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հաղորդել Կոտայք գյուղում տեղի ունեցած դանակահարության դեպքի վերաբերյալ։ 

Քննչական կոմիտեն հայտնում է` ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 3-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի 25-ամյա բնակիչը գնացել է Կոտայք գյուղի բնակչի տուն, որը զբաղվում է ավտոմեքենայի շարժիչի վերանորոգմամբ։ Այնտեղ տեղի է ունեցել վիճաբանություն ավտովերանորոգողի ու վերջինիս որդու հետ՝ իր ավտոմեքենան պատշաճ չվերանորոգելու հարցի շուրջ։ Հարևանների միջամտությամբ երիտասարդը հեռացել է՝ խոստանալով վերադառնալ:
 

«Մոտ 30 րոպե անց վերջինս հոր, մոր և ևս մի քանի անձանց հետ վերադարձել է նշված տուն, որտեղ վերջիններս վիճաբանել են տանտիրոջ և նրա որդու, ինչպես նաև հարևանությամբ գտնվող անձանց հետ: Վիճաբանության ժամանակ 25-ամյա երիտասարդի հայրը փայտե մահակով հարվածներ է հասցրել Կոտայք գյուղի բնակչի ընտանիքի անդամներից մեկի մարմնի տարբեր մասերին, իսկ 25-ամյա երիտասարդը, անտեսելով դեպքի վայրում հավաքված անձանց ներկայությունը, իր մոտ ապօրինի կերպով պահվող, 5.45մմ տրամաչափի ինքնաձիգից կրակոցներ է արձակել, որի ընթացքում սուր կտրող-ծակող գործիքով դիտավորությամբ հարվածներ է հասցվել 20-ամյա երիտասարդի կենսական կարևոր օրգանի՝ կրծքավանդակի ձախ հետին հատվածին՝ առողջությանը պատճառելով ծանր վնաս»,- նշված է հաղորդագրության մեջ։
 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձ) 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը ) 1-ին մասով և 258-րդ հոդվածի (Խուլիգանություն) 4-րդ մասով:
 

Կատարվել են քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
 

Նույն օրը 25-ամյա երիտասարդն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող «ԱԿ» տեսակի ինքնաձիգը՝ 4 փամփուշտով և տվել ինքնախոստովանական ցուցմունք:
 

Վերջինս ձերբակալվել է և հարցաքննվել:
 

Նախաքննությունը շարունակվում է:
 

Ավելի վաղ հայտնել էինք, որ 25-ամյա երիտասարդը դանակով հարվածել է 21-ամյա մեկ այլ երիտասարդի, ապա ինքնաձիգից կրակոցներ արձակել։

Քաղաքականություն