Առողջապահության ոլորտում մեր ամենակարևոր անելիքն ապահովագրման համակարգի ներդնումն է․ Փաշինյան

Առողջապահության ոլորտում մեր ամենակարևոր անելիքն առողջապահության ապահովագրման համակարգի ներդնումն է, որի իրականացման համար քաղաքական լրջագույն կամք է պետք։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության ծրագիրն ներկայացնելիս իր ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը։

 

«Գուցե համեմատությունս անպատեհ լինի, բայց գույքահարկի համակարգի ներդրման փորձը ինձ թույլ է տալիս ասելու, որ մենք կկարողանանք քաղաքական կամք ցուցաբերել և ՀՀ-ում ներդնել առողջապահական ապահովագրություն։ Այսօր արդեն պետբյուջեով հսկայական միջոցներ ենք ծախսում առողջապահության ոլորտի համար։ Կարող ենք այդ միջոցներն այնպես ծախսել, որ դրանք ավելի արդյունավետ լինեն, իհարկե որոշակի բեռ դնելով մասնավոր հատվածի վրա»։

 

Փաշինյանը նշեց նաև, որ վերջին տարիներին առողջապահության ոլորտում լուրջ փոփոխություններ ևս արել են, մասնավորապես սրտի անհետաձգելի վիրահատության շահառուների շրջանակի ընդլայնումը, մինչև 18 տարեկաննների հիվանդանոցային ծառայությունները ամբողջությամբ բյուջեի միջոցով հոգալը։

 

Անդրադառնալով կորոնավիրուսին, նա  ընդգծեց, որ ինչպես աշխարհի որևէ կառավարության, այնպես էլ Հայաստանինը չի կարողացել ցանկալի արդյունավետություն ցուցաբերել վարակի դեմ պայքարում։ «Այսօր աշխարհում իրականանում է մեր կանխատեսումը։ Ոչ մի լոկդաուններով, ոչ մի միջոցներով չենք խուսափի այն փաստից, որ համավարակի ավարտի ժամանակ բոլոր երկրները մոտավորապես նույն արդյունքի առաջ են կանգնելու»։

Համավարակի սպասարկման առումով, ըստ վարչապետի, շատ լուրջ ներդրումային ծրագիր է իրականացվել «Սուրբ Գ․ Լուսավորիչ» ԲԿ-ում, որն իր վրա է վերցրել կորոնավիրուսի սպասարկման մեծ բեռը։

 

«Մի քանի միլիարդ պետական հատկացումներով «Սուրբ Գ․ Լուսավորիչ» ԲԿ-ն հագեցրել ենք այնպիսի նորագույն սարքավորումներով, որոնք մինչ այս գոյություն ունեցել են մասնավոր բժշկական կենտրոններում։ Սրանով մենք ստանում ենք որոշակի գործիք՝ առողջապահական ծառայությունների գնային քաղաքականության վրա ազդեցություն ունենալու»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ պետական առողջապահական հիմնարկը այս ներդրմամբ պետք է դարձնի եկամտաբեր։

Կառավարությունը մտադիր է նաև մասնավորի հետ համագործակցությամբ զարգացնել նաև ճառագայթային ուռուցքաբանության վերջին սերնդի գծային արագացուցիչների առկայությունն է Հայաստանում։ «Մեր շատ հայրենակիցներ այս կարգի առողջական խնդիրներ ունենալուց նախընտրում են բուժումն իրականացնել արտերկրում, որովհետև ՀՀ-ում ժամանակակից գծային արագացուցիչներ գոյություն չունեն»։


 

Քաղաքականություն