Մանկապարտեզի աշխատողը մեղադրում է, տնօրենն ասում է, որ իրեն զրպարտել են. Hraparak. am

Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Նոր Նորքի 2-րդ միկրոշրջանում գտնվող թիվ 103 մանկապարտեզի տնօրեն Նարինե Գասպարյանի գործունեության վերաբերյալ: Ոստիկանության հասարակայնության ու լրատվության հետ կապերի վարչությունից մեզ հայտնեցին, որ նյութերը նախապատրաստվել են քաղաքացու ներկայացրած հաղորդման հիման վրա, հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով՝ «Յուրացում կամ վատնում», եւ ուղարկվել է նախաքննական մարմնին: Այս մասին գրում է Hraparak.am-ը: 
 

Տնօրենի դեմ հաղորդում է ներկայացրել մանկապարտեզի աշխատողներից Արմինե Բաղդասարյանը: Նա տնօրենին մեղադրում է ծանր հանցանքների մեջ՝ է՛լ կաշառք, է՛լ նախընտրական փուլում աշխատողների նկատմամբ պարտադրանք, է՛լ հովանավորչություն, է՛լ պաշտոնեական դիրքի չարաշահում, մանկապարտեզին հատկացվող սննդի եւ կենցաղային ապրանքների յուրացում: Աշխատակցուհին հայտնում է, որ տնօրենը մշտապես յուրացրել է երեխաներին տրամադրվող սնունդը, «այն մեծ քանակությամբ դուրս է բերել մանկապարտեզից իր համախոհների օգնությամբ, որոնք այնուհետեւ տեղավորում են տնօրենի մեքենայի բեռնախցիկում»: «Ալյուրը՝ պարկերով, շաքարավազը՝ պարկերով, կենցաղային օգտագործման իրերը՝ մեծաքանակ ծավալով, որոնք իր կողմից ընտրված հարմար խանութում վաճառքի նպատակով իրացնել է տալիս թիմակիցների միջոցով:
 

Երեխաներին հասնում է 40 գրամ հաց, իսկ նա տալիս էր 28, 30 գրամ: Երեխան նորից է հաց ուզում, ո՞նց ասեն խոհանոցում, որ էլ ոչ մի կտոր չկա: Նախկինում, դեռ մինչեւ հեղափոխությունը մեր մանկապարտեզը չէր ստանում տնտեսական ապրանքներ՝ օճառ, անձեռոցիկներ, ժավել, ամենը տնօրենի տուն էր գնում: Նա մանկապարտեզը վերածել է ընտանեկան բիզնեսի՝ աղջկան է գործի տեղավորել՝ Լիանա Հակոբյանին, աղջկա ընկերուհուն՝ Ծովինարին, ընդունել է փոխարինող դաստիարակ, բուժքույրը մանկապարտեզում միաժամանակ աշխատում է նաեւ տնտեսվար, ե՛ւ դաստիարակ, ե՛ւ խոհարար: Թոռի ուսուցչուհուն՝ Արմինեին, տեղավորել է գործի, որը կրթություն չունի, բայց դաստիարակ է աշխատում: Ես բոլոր փաստերը ներկայացրել եմ ոստիկանություն:
 

Մինչ այդ էլ դիմել էի քաղաքապետարան, թաղապետարան: Մարդիկ եկան իբր ստուգումների, մտան, իր աշխատասենյակում սուրճ խմեցին, գնացին»,- գանգատվում է աշխատակցուհին: Նա ասում է, որ աշխատանքի ընդունելու կամ աշխատանքային առաջխաղացման համար տնօրենը կաշառք է պահանջում, ֆիկտիվ հաստիքներ է պահում, որոնց աշխատավարձը յուրացնում է ինքը, իսկ բոլոր նրանց, ովքեր փորձում են բարձրաձայնել խնդիրների մասին, սպառնում է ազատել գործից: Աշխատակցուհին վստահեցնում է, որ ինքն ունի փաստերը եւ դրանք ներկայացրել է ոստիկանության Նոր Նորքի բաժին: 
 

Մենք լսեցինք նաեւ մանկապարտեզի տնօրեն Նարինե Գասպարյանին, որը, լսելով մեր հարցերը, պատասխանեց, որ իր փաստաբանի՝ Սեդա Սաֆարյանի մոտ է եւ դատական հայց է նախապատրաստում ընդդեմ իրեն զրպարտող աշխատակցի: «Արդեն հոգնել եմ իր սուտ բառերից, այդ կինն ինձ զրպարտում է, ստեր է տարածում, արդեն հոգնել եմ այդ ստերից, նա արդեն զրպարտանքի գագաթնակետին է հասել»: 
 

- Մի քանի փաստ ճշտենք: Դուք Ձեր աղջկան ընդունե՞լ եք գործի: 
 

- Այո, ընդունել եմ, եկեք ամբողջությամբ ստուգեք գործերը: Ես խնդիր չունեմ: 
 

- Ձեր դստեր ընկերուհուն՝ Ծովինարին է՞լ եք ընդունել գործի: 
 

- Նա իմ աղջկա ընկերուհին չէ: Ամռան շրջան է, բոլորը գնացել են արձակուրդ, նրան ընդունել եմ փոխարինող աշխատող, ի՞նչ սխալ բան եմ արել: 
 

- Բուժքույրն աշխատո՞ւմ է նաեւ տնտեսվար, դաստիարակ,  խոհարար: 
 

- Այո, նա աշխատում է մանկապարտեզում, տնտեսվարը եւ խոհարարը գնացել են արձակուրդ, անմնացորդ օգնում է խոհանոցում, որն իր իրավասությունների մեջ է: 
 

- Ասում եք՝ Ձեզ զրպարտում են, բայց ինչո՞ւ են անում: 
 

- Նա ուզում էր դաստիարակ դառնալ, ես մերժեցի:  
 

ՀԳ. Երբ նյութն արդեն պատրաստ էր, տեղեկացանք, որ մանկապարտեզի տնօրենն իր դեմ հաղորդում ներկայացրած աշխատակցուհուն՝ Արմինե Բաղդասարյանին, ազատել է աշխատանքից: Ազատման պաշտոնական պատճառն անհարկի բացակայությունն է աշխատավայրից:

Քաղաքականություն