
Փախստականներ` սեփական գյուղում. Radio France Internationale-ը 2 մասի բաժանված հայկական Շուռնուխի մասին

Radio France Internationale-ն ծավալուն անդրադարձ է կատարել Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի սահմանների փոփոխությանը` մասնավորապես պատմելով հայկական Շուռնուխի մասին, որը պատերազմի հետևանքով երկու մասի է բաժանվել: RFI-ի հատուկ թղթակիցը պատմել է` ինչպես են տեղացիները, գտնվելով սահմանագծման սպասման մեջ, սեփական գյուղում փախստական դարձել, փոխանցում է Tert.am-ը։
«Ապագա այլևս չկա», - մտածեց 34-ամյա Վարդիշաղը, երբ սկսվեց նոր 2021 թվականը: Սուրբ Ծնունդին երեք օր էր մնացել, և այդ երեք օրվա ընթացքում, ադրբեջանցիների պահանջով, 12 շուռնուխցի ընտանիք ստիպված էին լքել իրենց տները: Հունվարի 5-ին, երբ յուրաքանչյուր հայկական օջախում աստվածային լույս է մտնում, 12 տուն դատարկվեց` ընկնելով խավարի քողի տակ: Պատերազմի արդյունքում, որն ավարտվեց նոյեմբերի 9-ին Բաքվի և Երևանի միջև պայմանագրի ստորագրմամբ` Մոսկվայի միջնորդությամբ, գյուղը բաժանվեց երկու մասի: Սահմանն անցկացվեց մինչև Հայաստանի հարավ տանող մայրուղով:
Գյուղի ներքևի հատվածն Ադրբեջանը համարում է իր տարածքը: Այժմ այնտեղ ադրբեջանական լեզվով ցուցանակ կա. «Կուբաթլի շրջան, գյուղ Շուռնուխ. Ադրբեջանի Հանրապետություն»: Գրեթե տաս մետր հեռավորության վրա գտնվում են երեք պետությունների զինվորականները՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ զորքերը, նրանց միջև՝ ռուս խաղաղապահներ:
Արդեն վեց ամիս է, ինչ Վարդիշաղ Մովսեսյանը, ամուսնու և երեք երեխաների հետ, տեղափոխվել է Շուռնուխի վերին հատված: Զինվորական ծառայության մեկնած հարևանը նրանց տրամադրել է իր բնակարանը: Այժմ ընտանիքն իր տանը, որը գտնվում է այստեղից 20 մետր հեռավորության վրա, նայում է ուրիշի տան պատուհանից, իսկ ճանապարհի մյուս կողմում արդեն ծածանվում է Ադրբեջանի դրոշը: Շուռնուխի բնակիչները հույս ունեն, որ սահմանազատման ընթացքում զինվորականները տեղափոխվեն մի կողմ, և այստեղ չեզոք գոտի կստեղծվի:
«Միայն թե նրանց այստեղ չտեսնենք, - ասում է Վարդիշաղ,-Երբ ես խոսում եմ տան մասին, ես նկատի ունեմ ոչ թե շենքը, այլ հողը, մեր հայրենի Շուռնուխի կեսը: Սրտի կեսը չկա: Հիմա ամառ է, սաղարթի հետևում այնքան էլ տեսանելի չէ, իսկ ձմռանը մերկ ծառերի ետևում սարսափելի էր դիտել, թե ինչպես են զինվորները քայլում մեր պարտեզում: Ես այնտեղ հուշեր ու երազներ եմ թողել ... »:
Վարդիշաղ Մովսեսյանը հայոց լեզու և գրականություն է դասավանդում տեղի դպրոցում, որտեղ սովորում է ընդամենը 20 աշակերտ: Նրանցից չորսը փախստականներ են Լեռնային Ղարաբաղից: Նրա ութամյա որդին նույնպես այստեղ է սովորում: Վահեի դասարանում կա երեք աշակերտ:
«Ես իսկապես կարոտում եմ իմ տունը: Ես այնտեղ եմ թողել իմ գնդակը, պատերին մնացել են մեր լուսանկարները», - ասում է տղան:

Վարդիշաղի խոսքով` հնարավոր է այնտեղ գնալ, եթե խնդրեն հայ սահմանապահներին, որոնք իրենց հերթին՝ ռուսներին, իսկ ռուսները՝ ադրբեջանցիներին:
«Բայց մենք չենք դիմել: Մենք ոչինչ չենք խնդրելու: Թող մեր երեխաների խաղալիքներն ու պարտեզի պտուղներն այնտեղ մնան: Իսկ մենք ավելի լավ է արժանապատվորեն կրթենք մեր երեխաներին, ուժեղանանք և հետ վերցնենք մեր հողերը: Լիահույս ենք: Միշտ էլ այդպես է, դատարկությունից հետո հոգին նորից հույսով է լցվում», - ասում է Վարդիշաղը:
Փախստականներ` սեփական գյուղում. այսպես են հիմա իրենց կոչում շուռնուխցիները, որոնք ճանապարհի այն կողմում մի ամբողջ կյանք են թողել: Նրանք պատրաստ են անվերջ պատմել այդ մասին, հատկապես հյուրերին, որոնց այստեղ հազվադեպ են լինում:
«Մարդիկ վախենում են հիմա այստեղ գալ», - ասում է 60-ամյա հովիվ Սասուն Ալումյանը, որը պատերազմի պատճառով կորցրել է տունը, մեղվափեթակները և հոտը: Նա ցավով է հիշում ցրտահարված և սատկած ոչխարներին, կորցրած մեղվաբուծական փեթակները, առանց արոտավայրեր մնացած կովերին, այնտեղ միայնակ ծաղկող վարդերը, ութ թոռներին, որոնք խաղում էին պարտեզում, իսկ հիմա վախենում են պապի մոտ գալ:

«Եվ հետո էլ ո՞ւր գան»,-ասում է Սասունը` ձեռքով ցույց տալով ժանգոտած երկաթյա տնակը, որում կնոջ հետ բնակություն է հաստատել տարեսկզբից:
«Ես այն ապառիկ եմ գնել: Ձմռանն այստեղ չափազանց ցուրտ է, իսկ ամռանն ասես վառարանի մեջ լինես», - ասում է հովիվը: