Սա ամենաանբարոյական քայլն էր. Սոֆյա Հովսեփյանը՝ աղմկահարույց նախագծի մասին․ «Փաստինֆո»

Սա ամենաանբարոյական քայլն էր, որ կարող էին անել, որը նաև բնորոշ է իրենց, այնպես չէ՝ զարմանալի է կամ իրենցից հեռու:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի ընդունած նոր նախագծին:

Հիշեցնենք, որ այսօր արտահերթ նիստ էր հրավիրվել, որի ժամանակ իմքայլական պատգամավորները միաձայն ընդունեցին պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ամսական գումարը հնգապատկելու նախագիծը՝ 50.000 դրամ հավելավճարի փոխարեն սահմանելով 250.000 դրամ:

Հարցին՝ արդյո՞ք նախագահն ունի բավարար հիմքեր՝ նախագծի վրա վետո դնելու և այն չստորագրելու համար,պատգամավորն ասաց.

«Չեմ կարող հստակ ասել, բայց կարծում եմ, նախագահն իրավունք ունի հարցի իրավական կողմերը հանձնել ստուգման, հետազոտել քննարկել և նոր ստորագրել»:

Ճշտող հարցին՝ երկրում ստեղծված սոցիալական և անվտանգային իրավիճակը նախագծի չստորագրման համար հիմք կարո՞ղ են հանդիսանալ, Սոֆյա Հովսեփյանը պատասխանեց.

«Եթե ԱԺ պատգամավորը չունի այդ բարոյականությունը և բերում է այդ նախագիծը ԱԺ, մնացածն էլ քվեարկում են, իսկ երկրի անվտանգային իրավիճակը և հենց երեկ տեղի ունեցած միջադեպերը անտեսվում են, ապա ինչ սոցիալական և անվտանգային խնդիրների մասին է խոսքը: Եթե իրենք մտածող լինեին, ապա այս օրենքը չէր ծնվի և չէր ընդունվի»:

Պատգամավորի խոսքով՝ նախագիծն ընդունվեց գործող խորհրդարանի ձեռամբ,հաջորդ խորհրդարան չանցնող պատգամավորների նախաձեռնությամբ, որպեսզի եթե հասարակությունը քննադատի, ապա քննադատի այս խորհրդարանին, իսկ հաջորդ խորհրդարանն ուղղակի վայելի.

«Իրենք անընդհատ ասում էին՝ նախկին բոլոր թալանչիները եկել են խորհրդարան, այսօր էլ ասում են՝ պատգամավորական ծախսերը ևս 200.00-ով ավելացնենք, որ պատգամավորները լավ աշխատեն, այն դեպքում, երբ բոլորս տեսանք թե՛ նախկին, թե՛ ներկա թալանչիները ինչ որակի աշխատանք են կատարել »,-ասաց Սոֆյա Հովսեփյանը։