Ինչու է չեղարկվել Կամերայինի դերասանների այսօրվա ցույցը. ԿԳՄՍՆ-ի շենքի դիմաց այդպես էլ չհավաքվեցին. «Հայկական ժամանակ»

Երեւանի պետական Կամերային Երաժշտական թատրոնի դերասաններն ու ողջ անձնակազմն այսօր ժամը 11:00-ին բողոքի ցույց էին անելու: Հայտարարել էին, որ բոլոր հետաքրքրված կողմերին հրավիրում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության շենքի դիմաց: Սակայն այսօր ցույցը տեղի չունեցավ: Այսօր, ո՛չ նախանշված ժամին, եւ ոչ էլ դրանից հետո, Կամերայինցիներն այդտեղ չհավաքվեցին: 

Հիշեցնենք՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մշակում է նախագիծ, ըստ որի՝ նախատեսվում է Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին: Ըստ այդ ծրագրի՝ Կամերայինի շենքն էլ տրամադրվելու է Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբին՝ այդպիսով լուծելով այդ երաժշտական կոլեկտիվի շենքի հարցը: 

«Հայկական ժամանակը» թատրոնի անձնակազմից հետաքրքրվեց, թե ինչն է եղել վերջին պահին դրա չեղարկման պատճառը: 

Թատրոնի դերասանուհի Աելիտա Գեւորգյանը հայտնեց, որ թատրոնի տնօրինությունը ավելի խելամիտ որոշում է համարել դեռ սպասելը: Նա նաեւ ասաց, որ պատրաստվում են այսօր անմիջական նամակով դիմել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Եթե Փաշինյանին դիմելուց հետո էլ խնդիրը լուծում չստանա, ապա այլ քայլեր ձեռնարկելու մասին կմտածեն: 

Դերասանուհին նաեւ հավելեց՝ ամեն գնով ձգտելուն են որոշումը կայացնող գերատեսչություններին ապացուցել, որ անչափ սխալ քայլ է Կամերայինը փակելու ձգտումը: