
«Իմ քայլի» պատգամավորներն առաջարկում են պատգամավորական գործունեության ծախսերը 50.000 -ից դարձնել 250.000 դրամ

Այ անբարոյականությու՜ն ...
Բռնվե՛ք մարդիկ, այն օրը երբ մեկ զինվոր է զոհվում ,երկու զինվոր է անհետ կորում, այն երկիրը, այսօր սպա է կրճատում,որ տնտեսում ունենա, այն երկիրը որտեղ զինվորը այսօր չունի տարրական կեցության պայմաններ ու անհատներս ենք հասցնում ծխախոտից մինչև վրան, վրանից մինչև շոր ու կոշիկ,զրահաբաճկոն, մարդիկ օրենք են բերում պատգամավորական գումարը 50000 ից դարձնեն 250000։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Հավելենք, որ Ազգային ժողովը հուլիսի 15-ի արտահերթ նիստում կքննարկի «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերը յուրաքանչյուր պատգամավորի համար սահմանված ամսական 50.000 դրամից դարձնել 250.000 դրամ։ Նախագծի հեղինակներն են «Իմ քայլի» պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանն ու Նիկոլայ Բաղդասարյանը:
Նշենք, որ ՀՀ ազգային ժողովը կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 15-ին կգումարի արտահերթ նիստ:
Օրակարգում է 4 օրենսդրական նախաձեռնություն: Պատգամավորները կքննարկեն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը և Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» (վարկ թիվ 3449-ARM) վարկային համաձայնագրի փոփոխությունը վավերացնելու մասին նախագիծը: