Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. 16-ամյա տղան իր 2 ընկերներին փրկելուց հետո ջրահեղձ է եղել

Երեկ՝ հուլիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ 

Ժամը 16։00-ի սահմաններում ոստիկանության Բաղրամյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Արգինայի ջրատարում երեխա է ընկել։ 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 13։45-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 16-ամյա Նարեկ Խ-ն Արտենի գյուղի վարչական տարածքում բերքահավաք կատարելիս իր 2 ընկերներից Արտենի գյուղի վարչական տարածքով անցնող «Մայր առու» ջրատարի միջից դուրս հանելու ժամանակ խորասուզվել է, որտեղից մոտ 4.5 -5 կմ հեռավորության վրա՝ Արգինա գյուղի վարչական տարածքում, բնակիչների օգնությամբ դուրս է բերվել վերջինիս դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։