
ՔԿ-ն` «Կրեդո Ֆինանս»-ի աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակման մասին

Առերևույթ հանցագործություն կատարած անձն ուրիշի գույքը ավազակությամբ հափշտակելու նպատակով հունիսի 28-ի ժամը 11:02-ից մինչև 11:04-ն ընկած ժամանակահատվածում մուտք է գործել Երևան քաղաքում գործող «Կրեդո Ֆինանս» ՈՒՎԿ ՓԲ ընկերության մասնաճյուղ և որպես զենք օգտագործվող, ատրճանակին նմանվող առարկայի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, հարձակվել ընկերության աշխատակիցներ վրա, պահանջել գումար, այնուհետև պահանջել է բացել չհրկիզվող պահարանը, որտեղից անձամբ հափշտակել է ընկերությանը պատկանող խոշոր չափերով, նախնական տվյալներով, 2.730.990 ՀՀ դրամ գումար և դիմել փախուստի:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով:
Ըստ աղբյուրի՝ նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատագենետիկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին: