
Երբ երեխաները դուրս կգրվեն հիվանդանոցից. ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի փոխտնօրեն

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բուժգծով փոխտնօրեն Նառա Ստեփանյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ հունիսի 12-ին Մարտունի ԲԿ-ից իրենց մոտ տեղափոխված 6 երեխայի բուժումը շարունակվում է։
«Մեզ մոտ ամսի 12-ին ընդունվել է թվով վեց երեխա։ Անմիջապես կենտրոնում բուժում ստացող երեխաներ, որոնք այնտեղ բուժում էին ստացել սուր շնչառական հիվանդության ախտորոշմամբ։ Օրվա երկրորդ կեսին՝ 3-4-ին, երեխաների մոտ զգացվել է ընդհանուր թուլություն, փսխումներ։
Փսխումներն այնքան հաճախակի են եղել, որ երեխաները շատ արագ ջրազրկվել են, և քանի որ երկուսից ավել երեխաներ են՝ տեղափոխվել են Ինֆեկցիոն հիվանդանոց»,-տեղեկացրեց Նառա Ստեփանյանը։
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բուժգծով փոխտնօրենը նշեց, որ հաջորդ օրը Մարտունի ԲԿ-ում բուժում ստացող ևս 7 երեխա և մեկ մեծահասակ են ընդունել։ Երեխաներից ոմանք նախորդ օրը արդեն դուրս գրված են եղել Մարտունու բժշկական կենտրոնից։ Բոլոր հիվանդների մոտ նույն ախտանիշներն են եղել՝ սրտխառնոց, փսխումներ, թուլություն։
«Երեխաներ կային, որ բավականին թույլ էին։ Երկու հոգի ընդունվել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք, ինտենսիվ թերապիա ստանալուց հետո երեխաների վիճակը կարգավորվել և տեղափոխվել են բաժանմունքներ։ Ոմանց մոտ սկսվել է նաև լուծ, ոմանց մոտ եղել է լուծ, ոմանց մոտ լուծից էպիզոդ չի զրագացել, բայց որովայնը եղել է անհանգիստ, այսինքն սուր գաստարէնտերիտ ախտորոշումը, որը որ մենք դրել ենք ընդունման ժամանակ՝ ինքը հենց այդպես էլ համապատասխանում է իրավիճակին»,- նշեց Ստեփանյանը։
Փոխտնօրենը հավելեց, որ բոլոր նմուշները ստուգվում են, դրանք ուղարկել են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոն. «Հարուցիչի և պատճառի մասին մենք ոչինչ ասել չենք կարող, որովհետև Ազգային կենտրոնում աշխատանքային խումբ է ձևավորվել և իրենք աշխատում են և նմուշների հետ, և օջախում»։
Ինչ վերաբերում է բուժման տևողությանը, ապա այսօր հնարավոր է որոշ երեխաների դուրս գրեն, քանի որ այդ երեխաներն արդեն բուժում էին ստանում սուր շնչական հիվանդությամբ։
«Իրենք այստեղ նաև այդ խնդիրների կապակցությամբ են բուժում ստանում և այդ պատճառով միայն աղիքային սինդրոմը կամ ինտոքսիկացիոն սինդրոմը կառավարելուց հետո չէ, իրենց շնչական հիվանդույթունը կառավարելուց, բուժելուց հետո միայն դուրս կգրենք երեխաներին»,-ասաց Ստեփանյան Նառան։