Օրվա լրահոս

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն այսօր երեկոյան նախընտրական քարոզչության շրջանակներում «Հայկական ժամանակի» խմբագրության մոտ էին: Քարոզարշավին որեւէ հանրահայտ ԲՀԿ-ական չէր մասնակցում, սակայն հաշվի առնելով, որ քարոզչությունը իրականացվում էր փոքր ինչ օրիգինալ ձեւով (ԲՀԿ-ի երիտասարդ քարոզիչները մեքենայի թափքում էին), որոշեցինք լուսաբանել: Գրում է Armtimes-ը։


Նկարահանման ընթացքում ԲՀԿ ներկայացուցիչներից մեկը ակնհայտ ագրեսիվ պահվածք դրսեւորեց, սկսեց «հրահանգել», որ չնկարենք, որոշեց հեռախոսով նկարել մեզ՝ «պատճառաբանելով», որ «շառերի» հետ գործ ունի  եւ այլն: 


Այս բանավեճի ընթացքում մեր տեսախցիկն արձանագրեց, որ տվյալ անձը զենք է կրում գոտկատեղին, ընդ որում ամեն կերպ փորձելով այն ի ցույց դնել: Հասկանալով, որ զենքն ենք նկարում, նա գրպանից հանեց ինչ-որ վկայական՝ ասելով, որ զենքն օրինական է: Նկարելով նաեւ վկայականը, ըստ որի վրա առկա տվյալների տվյալ անձը Գարեգին Լոպոյանն էր, մտնում էինք խմբագրություն, երբ ԲՀԿ ներկայացուցիչը սկսեց սադրել՝ մեր ետեւից բղավելով «հող հանձնողներ», «էսօր էլի գերի եք տվել», «ադրբեջանցիներ» եւ այլն: 

ԳՈՎԱԶԴ00:41Իմանալ ավելին 
Սրանով նա ակնհայտ դարձրեց, որ ակցիայի նպատակն իրականում ոչ թե քարոզչությունն էր, այլ իրենց հարազատ մեթոդներով ՀԺ-ին ինչ-որ բան հասկացնելը: Ի դեպ, նշենք, որ թեեւ մեր խմբագրության մոտ «Հայկական ժամանակ» գրությամբ որեւէ տեսանելի ցուցանակ չկա (բացի դռան վրայի փոքրիկ գրությունից, որն իրենց համար տեսանելի վայրում չէր), բայց ԲՀԿ-ականները ի սկզբանե շատ լավ գիտեին, թե ուր են եկել: 


Մեր խմբագրության հարեւանությամբ գործող ԲՀԿ նախընտրական շտաբում գտնվող Վահե Էնֆիաջյանին ներկայացրինք տեղի ունեցածը եւ փորձեցինք հասկանալ այս ակցիայի նպատակը. 

- Պարոն Էնֆիաջյան, այս ակցիան հատուկ «Հայկական ժամանակի» համա՞ր էր, թե՞ իրականում այն ամբողջ քաղաքում է իրականացվում: Եվ արդյո՞ք հատուկ էր զենքի ցուցադրումը: 

- Ես չգիտեմ՝ ինչ միջադեպի մասին է խոսք գնում, բայց ձեզ վստահաբար ասում եմ, որ ոչ միայն մայրաքաղաք Երեւանում, Կենտրոն վարչական շրջանում, բոլոր 10 մարզերում ԲՀԿ-ն իրականացնում է քարոզչությունը՝ ներկայացնելով մեր դիրքորոշումը, ակնկալելով քաղաքացիների վստահության քվեն: Մնացած ինչ միջադեպ է եղել, ով է եղել, պարզապես զերծ կմնամ մեկնաբանություններից՝ մի պարզ պատճառով, որովհետեւ ոչ տեսել եմ, ոչ գիտեմ ում մասին է խոսք գնում: 

- Գարեգին Լոպոյան. Նա էր զենք կրող անձը: Դա մեզ ուղղված ազդա՞կ էր: 

- Բնականաբար չի կարող նման բան լինել, ես առաջարկում եմ մեկ բաժակ ջրում փոթորիկ չփնտրել: Այսօր մեր երկրում պետք է լինի համերաշխություն, բաժանանար գծերը անթույլատրելի են, այս համատեքստում պետք է ամեն բան նայել: 


Արձանագրենք, որ ամբողջ զրույցի ընթացքում տեղի ունեցածի վերաբերյալ որեւէ զարմանք չարտահայտած ԱԺ փոխնախագահը վերջում միջադեպը փորձեց հարթել հետեւյալ բառերով. «Բայց ձեր վրա ինչ-որ զենքի կիրառո՞ւմ է եղել, սպառնացե՞լ է...Հիմա ինչ-որ մեկի վրա ստեղ զենք կա, ես չգիտեմ...»:  Ասել է թե՝ կարեւորը չեն կրակել, չեն սպանել, ինչից եք նեղվում: 

Ընդգծենք՝ Կառավարության որոշման համաձայն, եթե նույնիսկ զենքն օրինական է, այն պետք է հանրային վայրերում քողարկված լինի: Իսկ այս դեպքում, ինչպես նշեցինք քարոզիչն այն հպարտորեն ցուցադրում էր:

Վերջին նորություններ