Պետք է, որ Զելենսկին Բայդենի նկատմամբ հետաքննություն սկսի․ CNN-ը հրապարակել է Թրամփի խորհրդականի և Զելենսկիի օգնականի զրույցի ձայնագրությունը

Ամերիկացի փաստաբան Ռուդի Ջուլիանին, որը 2019 թվականին եղել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականը, երկու տարի առաջ Ուկրաինայի նախագահի օգնական Անդրեյ Երմակից պահանջել է, որ Վլադիմիր Զելենսկին հայտարարի ԱՄՆ նախագահի այն ժամանակվա թեկնածու Ջո Բայդենի մասնակցությամբ ենթադրյալ կոռուպցիոն գործի հետաքննության մասին, փոխանցում է CNN-ը: 

 

Հեռուսատաալիքը նշում է, որ իր տրամադրության տակ հայտնված աուդիո ձայնագրություններից պարզ է դառնում՝ Ջուլիանին, որը տարիներ շարունակ եղել է Թրամփի խորհրդականը, «Բայդենի նկատմամբ հետաքննություն սկսելու հարցում Ուկրաինայի կառավարության վրա մեծ ճնշում է գործադրել»։

Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Ջուլիանիի և Երմակի հեռախոսազրույցի մասին ԶԼՄ-ները հաղորդել էին դեռևս այս տարվա փետրվարին, սակայն այժմ նրանց տրամադրության տակ է հայտնվել 40 րոպե տևողությամբ զրույցի աուդիո ձայնագրությունը։

 

«Մեզ պետք է, որ նախագահ Զելենսկին ասի․«Ես պատրաստվում եմ նշանակել արդար դատախազ, որը կհետաքննի և այդ գործի առնչությամբ ապացույցներ կգտնի։ Այդպիսով Բայդենի թեման կփակենք»,-  ասում է Թրամփի փաստաբանը։

Խոսակցության վերջում Անդրեյ Երմակը վստահեցնում է․ «Վստահ եմ՝ Զելենսկին այդպես էլ կասի»։

 

 

Հատկանշական է, որ զրույցը նախորդել է 2019-ի հուլիսի 25-ին տեղի ունեցած Թրամփ - Զելենսկի հեռախոսազրույցին, որի ժամանակ Թրամփը Զելենսկիին խնդրել էր հետաքննել տեղեկություններն առ այն, որ Ջո Բայդենն Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյին խնդրել էր պաշտոնից հեռացնել գլխավոր դատախազին ու այդպիսով օգնել է հետաքննության շրջանակում ներգրավված իր որդուն՝ Հանթեր Բայդենին, ով այդ ժամանակ աշխատում էր ուկրաինական «Բուրիսմա հոլդինգ» ընկերությունում։