
Ադրբեջանցի բլոգերին կրկին սպառնում և հետապնդում են՝ հայկական մամուլին տված հարցազրույցի համար

Ադրբեջանական հետապնդումներից, հալածանքներից ու շարունակական հարձակումներից ազատվելու հույսով երկրից փախած ու Ֆրանսիայի Նանտ քաղաքում ապաստանած ադրբեջանցի վիդեոբլոգեր Մուհամադ Միրզալին կրկին հայտնվել է հարձակումների թիրախում: Պատճառն այս անգամ հայկական մամուլին տված հարցազրույցն է՝ երկու ազգերի միջև խաղաղության անհրաժեշտության ու Ադրբեջանի իշխանությունների քայլերի մասին: Գրում է Armtimes-ը։
Հարցազրույցը եղել է մայիսի 31-ին, CivilNet գործակալությանը. «Դուք հայ եք, ես` ադրբեջանցի, միգուցե ոմանք մեր երկրներում մեզ դավաճան կոչեն, բայց դա չէ կարևորը, այլ այն, որ մեր այս զրույցը արմատներ է գցում խաղաղության համար... ի վերջո, դեռ որքան ենք շարունակելու իրար սպանել, այս ամենին պետք է վերջ տրվի: Ի վերջո, դեռ ինչք՞ն մենք պետք է սպանենք իրար»,-ասել էր հայտնի ակտիվիստն ու քաղգաղթականը:
Հարցազրույցի մեկ այլ հատվածում, համեմատելով Ադրբեջանի ներկայիս իշխանություններին Հայաստանի հետ, Միրզալին ասել էր, որ հայերը երջանիկ ազգ են, որովհետև ազատ են: Ըստ բլոգերի, Ադրբեջանը խաբում է ինքն իրեն՝ կածելով, թե հաղթել է պատերազմում: