Ռ. Քոչարյանի կոչը քաղաքացիներին ` քարոզարշավի մեկնարկից առաջ

 «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քարոզարշավի մեկնարկին կոչով դիմել է  թիմակիցներին, դաշինքի համակիրներին և բոլոր քաղաքացիներին: 

Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը հրապարակել է «Հայաստան» դաշինքի Ֆեյսբուքյան էջը: 
Քոչարյանը, մասնավորապես, կոչ է անում քաղաքացիների քարոզարշավի ընթացքում կենտրոնանալ իրենց ծրագրի բովանդակության վրա, որն ունի երկրի վերելքի հսկայական պոտենցիալ: 
«Վարակենք մարդկանց պոզիտիվ տրամադրությամբ, յուրաքանչյուր մեր հայրենակցի տուն պետք է մտնի հույսի և արժանապատվության գաղափարը»,- նշում է Քոչարյանը: 
Քոչարյանը հորդորում է մոռանալ գործող իշխանությանը, այն չկա իրենց օրակարգում, այլ կենտրոնանալ անելիքների վրա, ապագայի վրա: 
«Մի´ տրվեք որևէ սադրանքի։ Ակնհայտ է, որ գործող իշխանության մի նեղ խումբ ցանկանում է անել ամեն ինչ՝ ներքին լարվածություն ու նույնիսկ բախումներ հրահրելու համար։ Սա այդ մարդու միակ կարողությունն է, իսկ անխուսափելի պարտության հեռանկարը նրանց դրդում է գնալ անօրինականությունների: 
Հարգանքով վերաբերվեք բոլոր ուժերին. բոլոր այն ուժերը, որոնք պայքարում են Հայաստանում պարտության էջը փակելու համար, մեր գործընկերներն են: 
Համբերատար խոսեք մեր հայրենակիցների հետ. այդ մարդիկ երեք տարի գտնվել են իշխանական տոտալ քարոզի և օտար ուժերի՝ երկիրը քանդող քարոզչության ազդեցության տակ»,- նշում է Քոչարյանը: 
ՀՀ երկրորդ նախագահը նաև կոչով դիմել է պետական համակարգի աշխատողներին: 
«Ձեր  ճնշող մեծամասնությունը հայրենասեր ու պրոֆեսիոնալ մարդիկ են, և մենք միասին աշխատելու ենք մեր երկրում արժանապատիվ խաղաղության, տնտեսության զարգացման և համահայկական վերելքի համար։ Չվախենաք, չզիջեք որևէ սպառնալիքի տակ։ 
Կոչ եմ անում ուժային կառույցների աշխատողներին. պահպանեք զգոնություն, սառնասրտություն, մի´ կատարեք հեռացող իշխանության ապօրինի հրամանները, կատարեք բացառապես ձեր ծառայողական պարտականությունները: 
Իմ թիմակիցների և ցանկացած քաղաքացու նկատմամբ ճնշումները, սպառնալիքները, ահաբեկման փորձերը չեն մնալու անպատիժ։ Բոլորը հատ-հատ պատասխան են տալու օրենքի առաջ»,- հավելել է Քոչարյանը: 
Ըսդտ Քոչարյանի` այս ընտրություններում հարցը շատ պարզ է՝ հաղթելու է հույսը, վերելքի հեռանկարը, արժանապատիվ խաղաղության գաղափարը։ 
«Ընդամենը 14 օր հետո մենք Հայաստանում բացելու ենք նոր էջ»,-ավելացրել է Քոչարյանը: 
Վերջում «Հայաստան» դաշինքի թեկնածուն վստահեցրել է, որ ՀՀ քաղաքացին անպայման ունենալու է անվտանգ սահմաններ, անպայման ունենալու է կայուն խաղաղություն և արժանապատիվ կեցվածք տարածաշրջանում, անպայման ունենալու է աշխատող ու զարգացող պետություն: 
«Ամեն ինչ լավ է լինելու»,- եզրափակել է Քոչարյանը: